Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի այցը մեր երկիր և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես տնտեսական փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է լիտվական բիզնեսի ներգրավմամբ հայկական շուկա: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակային բարեփոխումներ, որոնք կապահովեն ներդրումների անվտանգությունը, ազատ և թափանցիկ բիզնես միջավայրը:
Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և դրա լիարժեք կիրարկումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը և խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: