Հաճախ են քաղաքականությամբ ձեռքի հետ զբաղվող «գործիչները» և նորահայտ պաշտոնյաներն օգտագործում «ժողովուրդ» բառը, «ժողովուրդ» հասկացությունն ու հաճախակի չարաշահում այն տեղին-անտեղին…
Ժողովուրդն ինչպես կասի, ժողովուրդն ինչպես կորոշի, ժողվուրդն ինչպես կուզի, ժողովրդի ցավը տանեմ… Ասում եք, սակայն մշտապես կամ հաճախակի ժողովուրդն անում է այն, ինչ դուք եք ուզում, ինչ ձեզ է պետք իշխանության հասնելու և այն ատամներով պաշտպանելու համար, և միշտ էլ ժողովուրդը լինում է օգտագործվողի դերում:
Հա՛, այդ նպատակով էլի ժողովրդի ցավը տարեք, սակայն այդ ինչպե՞ս պետք է ասի, է, ժողովուրդը, առավել ևս՝ որոշի…
Ժողովուրդը կարող է որոշել միայն մի դեպքում՝ ընտրելով կամ հանրաքվեով… ՀՀ-ի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացին, ինչպես դուք եք ասում, ժողովուրդը այլ կերպ և այլ ճանապարհով չի կարող ուզել, ասել և առավել ևս՝ որոշել:
Մնացյալն ամբոխավարություն է և աղերս չունի օրենքի, իրավակարգի, օրինականության և ժողովրդավարության հետ: Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդն ուզում է՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Այդ ո՞ր ժողովուրդն է ուզում, ովքե՞ր, ի՞նչ քանակության, ինչպե՞ս հասկացան, որ ուզում են… Հանրաքվե անցկացրեք, թող ՀՀ քաղաքացին որոշի՝ այո, թե՞ ոչ…