Սուրեն Սարգսյանն ԱՄՆ-ից իրավացիորեն պնդում է, որ ԱՄՆ հետ հարաբերություններում նոր, բոլորովին նոր օրակարգ է պետք ձևավորել։ Ես պնդում եմ, որ դա վերաբերում է առաջին հերթին նաև մեր տարածաշրջանին՝ Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններին։ 
 
Եւ ահա թե ինչու։

Վերջին օրերի անցուդարձերի մեջ գրեթե աննկատ մնաց այն հանգամանքը, որ ԱՄՆ հովանավորության և ղեկավարման ներքո Մերձավոր Արևելքում նախատեսվում է ձևավորել նոր ռազմական կազմակերպություն՝ «Արաբական ՆԱՏՕ»։ Մերձավոր Արևելքի Ռազմավարական Ալյանսը՝ MESA-ն (Middle East Strategic Alliance) պետք է համախմբի՝
- Սաուդիան Արաբիան
- Արաբական Միացյալ Էմիրությունները
- Քուվեյթը
- Բահրեյնը
- Քաթարը
- Օմանը 
- Եգիպտոսը 
- Հորդանանը 
- ԱՄՆ։

Կազմակերպության ստեղծման մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի հունվարին՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ 

Մերձավոր Արևելքում ռազմական կառույցների ստեղծման փորձեր մի քանի անգամ նախաձեռնվել են նաև նախկինում (օրինակ՝ CENTO-ն), բայց բոլորն էլ կարճ կյանք են ունեցել և շատ նվազ ազդեցություն քաղաքական գործընթացների վրա։ MESA-ն ստեղծելու գաղափարը, ըստ էության, մշակվել է դեռ անցյալ տարի՝ մայիսին Ս. Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած ֆորումի ժամանակ։ Իմիջիայլոց, այդ ֆորումին հրավիրված էին մասնակցելու նաև Ադրբեջանը և Թուրքիան։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունների՝ MESA-ի առջև կանգնած ամենամեծ խնդիրները լինելու են հակազդեցությունը Իրանին և Սիրիան։

Սա ևս մեկ հիշեցում է առ այն, որ տարածաշրջանում հասունանում են շատ լուրջ գործընթացներ, ու Հայաստանին անհրաժեշտ է շուտափույթ մշակել ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, որտեղ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում ու բոլորովին նոր մոտեցումներով պետք է առանձնացվի Մերձավոր Արևելքը, որի մի մասն ենք մենք՝ անկախ մեր պատկերացումներից և ցանկություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել