Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը:
Նա նաև անդրադարձել է Դուշանբեում Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցին` նշելով, որ այն տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ: «Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, դրանք տարվում են հենց Ադրբեջանի և Հայաստանի՝ որպես հակամարտության կողմերի միջև»,- նշել է Հաջիևը:
Ադրբեջանը հերթական անգամ վերահաստատեց այն դիրքորոշումը, որն առկա էր բանակցային գործընթացում վերջին տարիների ընթացքում Բաքուն չի ճանաչում Ղարաբաղին՝ որպես բանակցության կողմ ու չի պատրաստվում բանակցային սեղանի շուրջ նստել Ստեփանակերտի հետ:
Հայաստան-Ադրբեջան ձևաչափով բանակցություններն են միակ ֆորմատը, որի պարագայում Ալիևը բանակցությունների է ժամանելու: ՀՀ-ի իշխանությունների այն հայտարարությունները, որ բանակցային սեղանի շուրջ պետք է վերադառնա Արցախը, այդպես էլ մնացին օդից կախված․ Բաքվի համար դա անընդունելի է, ու հավանավար Մինսկի խումբն էլ չի պատրաստվում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա այդ հարցում:
Բաքուն շարունակում է պատրաստվել պատերազմի ու պնդում է իր մաքսիմալիստական բանաձևը` «կա՛մ ամբողջ Ղարաբաղը, կա՛մ պատերազմ»:
Հաջիևը կրկին խոսել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հայկական զորքերի առկայության մասին` նշելով, որ հենց դա է հրադադարի խախտման պատճառը, և որ դրա մեղավորը միշտ եղել է հայկական կողմը:
Ադրբեջանը հստակ գծել է այն սահմանները, որի շրջանակներում նրանք պատրաստ են բանակցել։ Դրանք մադրիդյան սկզբունքների կյանքի կոչումն են` հայկական զորքերի դուրսբերման, ադրբեջանցիների վերադարձման կետերով, իսկ Արցախի ինքնորոշման հարցը, ինչը պնդում են Երևանն ու Ստեփանակերտը, Բաքվի համար առավելագույնս ենթադրում է Ղարաբաղին 1988թ.-ի սահմաններում ինքնավարության կարգավիճակի տրամադրում:
Բաքուն չի պատրաստվում բանակցել Ղարաբաղի հետ, չի պատրաստվում զիջումների գնալ Արցախի կարգավիճակի շուրջ, շարունակում է զինվել ու պատրաստվում լայնածավալ պատերազմի` կրկին հայերին մեղադրելով օկուպացիայի մեջ:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև կարճատև հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա Բաքուն բթացնում է հայկական կողմերի` Արցախի ու ՀՀ-ի զգոնությունը, որպեսզի գնա առավել մեծ ռազմական գործողությունների: Ադրբեջանում կայացած զորավարժություններից հետո Բաքուն զորքերը հետ չի քաշել զորամասեր և դրանք պահում է արցախյան ճակատում:
Բարի կամքի դրևորում կլիներ Ադրբեջանի կողմից դիպուկահարների հետքաշումն ու ղարաբաղյան ու հայ-ադրբեջանական սահմաններում հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչը չկա և չի լինելու: Բազմամիլիարդանոց զենքերը գնվում են ոչ թե թանգարաններում պահվելու, այլ Արցախի ու ՀՀ-ի դեմ օգտագործվելու համար:
Հայկական կողմերը պետք է շարունակեն առաջնագծի ամրապնդումը, նորագույն զենքերի գնումը, սեփական ռազմական արդյունաբերության ստեղծումն ու մոբռեսուրսի ակտիվ նախապատրաստումը ռազմական գործողությունների: