Tert.am-ը գրում է.
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրի շրջանակում:
-Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են:
-Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին:
-Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:
-Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:
-Մայիսի 8-ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապետ: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:
-Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին:
-Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը:
-Իմ կարծիքով՝ այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ:
-Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կինը, նախագահի կի՞նը, թե դուք երկուսով:
-Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին: -
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ