Tert.am-ը գրում է.

Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրի շրջանակում:  

-Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են: 

-Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին:

Սա ոչ միայն կանանց ֆորում է: Այն գլոբալ օրակարգ ունի: Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ֆորումի շրջանակում՝ սկսած աշխարհում գլոբալ անվտանգությունից,  պատերազմական կոնֆլիկտների հանգուցալուծումից մինչև աղքատության հաղթահարման, գենդերային հավասարության հարցեր: Բոլոր այս խնդիրները առաջնային պլան են մղված այսօր և անհանգստացնում են հասարակությանը: Ֆորումն իրականում լավ հնարավորություն է տալիս բոլոր այս հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար: 

-Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:

 -Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:

 -Մայիսի 8-ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապետ: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը: 

-Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին: 

-Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը: 

-Իմ կարծիքով՝ այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ: 

-Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կինը,  նախագահի  կի՞նը, թե դուք երկուսով: 

-Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին: -

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել