Այդ գործընթացը հիմք դրեց հեղափոխության, ըստ էության, ամենակարևոր փուլի՝ ինստիտուցիոնալացման մեկնարկին, որը, սակայն, պետք է շարունակություն ունենա պառլամենտական ընտրությունների տեսքով:

Մի քանի կարևոր արձանագրում.

1. Այս ընտրությամբ համակարգը նաև ֆորմալ առումով ձեռք բերեց թերևս իր ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ քաղաքացիական իրական կողմնորոշումը (այլ կերպ ասած՝ լեգիտիմությունը). կողմնորոշումը դեպի պետական կուրսը կամ տվյալ դեպքում՝ հեղափոխական կուրսը:

2. Կոտրվեց տոտալ անվստահության հոգեվիճակը, քաղաքացին ՍԵՓԱԿԱՆ ԿԱՄՔՈՎ դարձավ ուժերի դասավորության վրա ազդող իրական գործոն:

3. Չկա նյութական ակնկալիքներով պայմանավորված կամ վարչական ռեսուրսների ճնշմամբ կորզված կեղծ կողմնորոշում:

4. Լավ նախադրյալներ են բացվում չաղճատված քաղաքական մշակույթ ձևավորելու համար (գեղեցիկ օրինակ էր պարտվածների կողմից հաղթողին շնորհավորելը):

Եվ եթե ամեն ինչ ճիշտ շարունակություն ունենա, մեր քաղաքական համակարգի ֆունկցիոնալ տրամաբանությունն էլ կարող է փոխվել դեպի լավը: Հնարավորություն է ստեղծվել համակարգի տրանսֆորմացիայի համար՝ անցում մի որակից (դեֆեկտիվ) մեկ այլ որակի (էֆեկտիվ), որն անչափ կարևոր է դրա կենսունակության համար:

Մի խոսքով՝ հույս կա, որ, վերջիվերջո, կարող ենք ունենալ ճկուն, ժամանակի մեջ ադապտիվ և զարգացող համակարգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել