Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 3D ձևաչափով տեսանյութ, որում ցուցադրվում է՝ ինչպես է խոցվել ռուսական Իլ-20-ը Սիրիայում:
Տեսանյութում ցուցադրվում է օդանավի երթուղին ու նրա մոտավոր գտնվելու վայրը սիրիական հակաօդային պաշտպանության համակարգից զենիթային հրթիռի արձակման պահին: Նաև ցուցադրվում է իսրայելական F-16 կործանիչների գտնվելու վայրը, որոնք, տեսանյութի համաձայն, օգտագործել են ռուսական օդանավը՝ որպես սիրիական ՀՕՊ-ից թաքնվելու միջոց:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն օրեր առաջ Սիրիայի օդային տարածքում ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռի կործանման համար մեղավոր էր համարել Իսրայելի զինված օդուժին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ-ում կարծում է, որ F-16 կործանիչների իսրայելցի օդաչուները միտումնավոր են սիրիական զենիթային հրթիռներից թաքնվել ռուսական Իլ-20-ի հետևում:
Կոնաշենկովն ընդգծել էր, որ ստեղծված իրավիճակում իսրայելցի օդաչուները չէին կարող չգիտակցել, որ սիրիացիների արձակած զենիթային հրթիռի թիրախում ավելի շուտ կհայտնվի Իլ-20-ը: Նա հավելել էր, որ Իլ-20-ի կործանման օրն իսրայելական օդուժը մոլորության մեջ է գցել ռուսական կողմին՝ նախապես տեղեկացնելով, որ իրենք պատրաստվում են մի քանի թիրախ խոցել Սիրիայի հյուսիսում:
«Ինչպես տեսնում եք քարտեզին, իսրայելական ավիացիայի հարվածները հասցվել են ոչ թե հյուսիսային, այլ արևմտյան Լաթակիայի հատվածում»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ Իլ-20-ը կործանվել է «Հմեյմիմ» ավիաբազա վերադառնալու ճանապարհին սիրիական С-200 հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռից: