Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը բացման խոսք ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  

Նա նշեց, որ իսկապես մենք որպես հասարակություն կարողանում  ենք պատվիրել և արդյունքներ պահանջել, մենք իսկապես կարողանում ենք բանավիճել և լուծումներ գտնել:  

Ա. Բաբլյանը նշեց, որ 2018 թ-ի ապրիլ, մայիս ամիսներին հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության և երկիրը ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: 

ԱԺ նախագահի ամբողջական ելույթը ներկայացնում ենք ստորև. 

Այս տարի մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի կազմավորման և Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի հաստատման 100-րդ տարեդարձերը: Ժողովրդի ազատ կամքի արտահայտման և պետական կառավարման համակարգի զարգացման ասպարեզում մեզ համար դար է փոխվում:

Խորհրդարանական կառավարման ուղին մենք ընտրեցինք 1918 թվականի մայիսյան հաղթանակներից անմիջապես հետո` ծանր ու քաոսային մի ժամանակաշրջանում: Հայությունը, հանդես բերելով իրավական բացառիկ բարձր գիտակցություն, ընդունեց իր քաղաքական պատմության շրջադարձային որոշումներից մեկը: 

Գոյություն ունեցող ազգային-քաղաքական իրողությունների հիման վրա ձևավորվեց Հայաստանի խորհուրդը, որն իր անդրանիկ նիստը գումարեց 1918 թվականի օգոստոսի 1-ին: Կազմված լինելով հիմնական քաղաքական ուժերի և ազգությունների ներկայացուցիչներից՝ այն դարձավ hայոց առաջին խորհրդարանը: Գործունեության հազիվ մեկ տարվա ընթացքում սովի ու համաճարակների դժվարին ամիսներին այն ընդունեց հարյուրից ավելի օրենք և օրենսդրական ակտ: Գործելով պետական իշխանության մարմինների դեռևս ձևավորված չլինելու պայմաններում՝ իր հանձնաժողովների միջոցով հաճախ կատարեց նաև գործադիր իշխանության աշխատանքը: Հայաստանի խորհուրդը բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձևավորման, Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում, ինչպես նաև մշակեց միանգամայն ժողովրդավարական ընտրական օրենք և 1919 թվականի ամռանը կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները: 

Պատմական ու քաղաքական պայմանների բերումով ցավալիորեն կարճ եղավ Հայաստանում պառլամենտարիզմի հաստատման առաջին շրջանը: Այնուամենայնիվ, ընդունվեցին ավելի քան երեք հարյուր օրենքներ և իրավական փաստաթղթեր, հարյուրավոր հրահանգներ ու որոշումներ: Ստեղծվեցին խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներ, ձևավորվեց քաղաքական կառավարման մշակույթ: 

Բարդ էր նաև խորհրդարանական ղեկավարման երկրորդ շրջանը, երբ Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը գործում էր պետական կառավարման միակուսակցական համակարգի պայմաններում: Սակայն հսկայական աշխատանք կատարվեց խորհրդային իրավակարգին համապատասխանող, բայց Հայաստանի պայմանները ճիշտ արտացոլող օրենդրության ստեղծման և իրավական հարաբերությունների կարգավորման ասպարեզներում: Լինելով իրապես ներկայացուցչական մարմիններ, որոնց կազմում ընդգրկված էին հասարակության բոլոր շերտերը՝ Հայաստանի խորհուրդների համագումարը և ապա Գերագույն խորհուրդը յոթ տասնամյակ շարունակ հսկայական դեր ունեցան Հայաստանի տնտեսության, կրթության, գիտության ու մշակույթի զարգացման օրենսդրական ապահովման գործում: 

Անկախ ժամանակներից Հայաստանի խորհրդարանը միշտ եղավ հայ ժողովրդի շահերի և ձգտումների արտահայտիչը: Դա հստակ դրսևորվեց հատկապես Ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդը բացահայտ հակամարտության մեջ մտավ միութենական իշխանությունների հետ: Գերագույն խորհուրդն ընդունեց 1988 թվականի հուլիսի 15-ի և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումները, որոնցով Հայաստանն իրավական հիմնավորում տվեց արցախահայության պայքարին: Նույն Գերագույն խորհուրդն էր, որ 1988-ի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստում դրեց անկախության առաջին հիմնաքարը` հայտարարելով, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները: 

Իսկ հաջորդ տարի 1918 թվականի մայիսի 28-ը ճանաչեց հայկական պետականության վերականգնման օր: Այս ամենը վկայում էր, որ Հայաստանը ոտք է դնում ներկայացուցչական ժողովրդավարության զարգացման երրորդ շրջափուլ: 

Հարգելի ներկաներ, 

հայոց պետականության վերականգնման և Արցախյան ազատամարտի դժվարին տարիներին երկրի ժողովրդավարացման, տնտեսական հարաբերությունների նոր մոդելի ստեղծման և բոլորովին նոր իրավակարգ կառուցելու անդրանիկ քայլերի ողջ ծանրությունը բաժին ընկավ 1990 թվականին առաջին անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված Գերագույն խորհրդին: Այդ խորհրդարանն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, կազմակերպեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն և Հայաստանը հռչակեց անկախ պետություն, ձեռնարկեց Հայաստանի ազգային օրենսդրության մշակումն ու առաջին միջպետական պայմանագրերի կնքումը: Այդպես սկսվեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման երրորդ շրջանը: 

Ցավոք, խորհրդարանը ունեցավ նաև կորուստներ. Արցախյան ազատամարտում ընկան Վիգեն Շիրինյանը և Սամվել Շահմուրադյանը: Իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ զոհվեցին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 

1990 թվականին Հայաստանում սկսվեց խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման երրորդ փուլը, որը շարունակվում է առայսօր: Այդ օրերից ի վեր հայոց խորհրդարանի պատմությունը դարձավ Երրորդ հանրապետության հռչակման, կայացման ու զարգացման պատմություն: Այսօր Հայաստանի խորհրդարանը մեզ առաջնորդում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կառուցելու ճանապարհով: 

Անցած հարյուրամյակն ապացուցեց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն արտահայտել է հայ ժողովրդի ազատ կամքը, անհատի իրավունքները, հայության ազգային ու պետական շահերը: Այսինքն` այն լիովին համապատասխանում է մեր ազգային հոգեբանությանն ու մտածողությանը: 

Մենք՝ որպես հասարակություն, իսկապես կարողանում ենք պատվիրակել և արդյունքներ պահանջել: Մենք իսկապես կարողանում ենք բանավիճել ու լուծումներ գտնել, մշակել հանրային կյանքն ուղղորդող օրենքներ ու կյանքի կոչել դրանք: 

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության և երկիրն ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանն ընտրեց նոր վարչապետ, հաստատեց կառավարության ծրագիրը և կյանքը վերադարձավ բնականոն հուն: Սակայն վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է և, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բևեռացնելով հասարակությանը: 

Սիրելի բարեկամներ, 

մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր և մեր միջև: 

Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ դեպի առաջ նայելն ու կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը համադրելը: Համոզված եմ, որ բոլոր մտքերն ու գաղափարները քննարկելու լավագույն վայրը մեր երկրի քաղաքական հարթակն է` Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: Ուստի, պետք է հավաքվենք այստեղ, ամեն ինչ ծանր ու թեթև անենք և հարցերը լուծենք համաձայնության` կոնսենսուսի հասնելու միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: 

Սիրելի հայրենակիցներ, 

կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի խորհրդարանի հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ: 

Մաղթում եմ, որ նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների հասնենք Հայաստանում ու Արցախում խորհրդարանական ժողովրդավարության հետագա ամրապնդման ճանապարհին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել