Երբևէ մտածե՞լ եք, թե երբ և ինչ պայմաններում է ստեղծվել գյուղատնտեսությունը՝ որպես այդպիսին: Գիտնականներն ուսումնասիրել են նախնադարյան մարդկանց մնացորդների ԴՆԹ-ն և պարզել են, որ գյուղատնտեսություն երևույթն առաջին անգամ Եվրոպա է հասել ներգաղթյալների միջոցով: Մինչ այս առավել ընդունված էր մի վարկած, որի համաձայն՝ Եվրոպայում գյուղատնտեսությունը զարգացրել են տեղի՝ վաղուց բնակեցված ցեղերը: Գյուղատնտեսությունից առաջ այդ ցեղերի ներկայացուցիչները զբաղվել են հավաքչությամբ, որսորդությամբ: Վերոնշյալ գիտնականների ու ուսումնասիրողների հատուկ խումբը համեմատել է հնագույն ժամանակներում ապրած ֆերմերների կմախքի ԴՆԹ-ն երեք այլ որսորդների կմախքների հետ: Արդյունքում հայտնաբերվել է, որ ֆերմերների գենետիկական հատկանիշները տարբերվում էին մյուս որսորդների գենետիկական հատկանիշներից:

Շվեյցարիայի Ուպսա համալսարանի պրոֆեսոր Պոնտուս Սքոգլունդը գործընկերների հետ համատեղ հայտնաբերել է գենետիկական մի նյութ, որը պարունակում էր 5 հազար տարի առաջ ներկայիս Շվեյցարիայի հարավային շրջանում բնակված մի մարդու կմախքի բջջամիջուկում: Հետազոտություն անելը բավականին բարդ էր, այդ պատճառով էլ կիրառվել են ստատիկ ու մոլեկուլյար տեխնիկաներ:

Այդ ֆերմերներից մի կնոջ գենոմը բավականին ընդհանրություններ ունի ներկայիս այն մարդկանց գենոմի հետ, որոնք ապրում են Եվրոպայի հարավ-արևելքում: Հնագետներն ու հնէաբանները կարծում են, որ մոտ 8 հազար տարի առաջ գյուղատնտեսությունն Անատոլիայից ներթափանցել է հյուսիս ու Արևմտյան Եվրոպա: Մինչ այս գիտնականները բանավիճում էին այն հարցի շուրջ, թե Եվրոպայի ժամանակակից բնակիչները պատմության առաջին հողագործների՞, թե՞ որսորդների հետևորդներն են, որոնք բնակվում էին մայրցամաքում դրանից 1000 տարի առաջ:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Անդերս Գոթերսթրոմն ասում է. «Մենք կարողացանք ապացուցել, որ Եվրոպայի ներկայիս բնակիչների գենետիկական բազմազանության վրա մեծ ազդեցություն են ունեցել քարե դարի ներգաղթյալ ֆերմերները: Միևնույն ժամանակ հավաքչությամբ զբաղվողների ու որսորդների գենետիկական ազդեցությունը ևս նկատվում է»:

Գիտնականները կարծում են, որ այս հողի վրա բնակություն հաստատած ֆերմերները տեղի որսորդների ու հավաքչությամբ զբաղվողների հետ մտերիմ են եղել և միասին են ապրել մի քանի սերունդ շարունակ: Արդյունքում նրանց գեները սերտորեն միահյուսվել են: Հենց այս խաչասերման արդյունքում էլ ի հայտ է եկել ժամանակակից եվրոպացիների գենոմը:

Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս հետազոտության արդյունքների հետ: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Քրիտիան Կապելին կարծում է, որ եվրոպացիների գեներն արդեն որոշ տարբերակիչ առանձնահատկություններ ունեին դեռևս այն ժամանակ, երբ Եվրոպա ներթափանցեցին ֆերմերները: Որսորդների ցեղերի բնակչության խտությունն այն ժամանակ շատ մեծ էր, որի պատճառով էլ տարբեր խմբեր բավականին մեկուսացված էին միմյանցից:

Պատմաբաններն ու մարդաբանները երկար վիճել են ու, ինչպես հասկացանք, շարունակում են վիճել քաղաքակրթության զարգացման մեջ գյուղատնտեսության ունեցած ավանդի վերաբերյալ։ Աշխարհի բնակչության քանակը երբեք 15 միլիոնը չէր հատի, եթե չլիներ գյուղատնտեսական զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել