Tert.am-ը գրում է.

Հայաս­տանից հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաներ կարճ ժամանակով այսօր  արգելափակել են  Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով (թույլատրվում է միայն երկաթուղով)։  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: 

«Բողոքի ակցիան տևել է 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտման թույլ են տվել իրականացնել իրենց բողոքի ակցիան, որովհետև նպատակը ոչ թե այն է եղել, որպեսզի խոչընդոտեն մաքսատան աշխատանքը, այլ ուղղակի ցույց տան, որ հայկական կողմն էլ միանում է Վրաստանի այդ որոշման դեմ իրականացվող ակցիաներին,-ասաց նա՝ ավելացնելով, որ անցակետն այս պահին բաց է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վրաստանի իշխանությունները վերոնշյալ որոշումը հետաձգել են 15 օրով։

Նշենք, որ հացահատիկ ներկրողները պնդում են, որ եթե Վրաստանում ուժի մեջ մտնի վերգետնյա տրանսպորտով հացահատիկի ներկրումն արգելող որոշումը, ապա Հայաստանում ալյուրի գինը միանշանակ կթանկանա մեկ կիլոգրամը շուրջ 50 դրամով։

«Մեկ կիլոգրամ ալյուրը 50 դրամով կթանկանա, եթե ծովային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարվեն և երկաթգծով աստղային գներով գա Հանրապետություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել