Ղազախստանն ու Թուրքիան մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել հինգ միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկրներ Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝ թուրքական ապրանքները, այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև՝ Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում:
Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկիր։ Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներն է տրամադրում թե՛ Անկարային՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, թե՛ Աստանային՝ ՌԴ-ն շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:
Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրերն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելումն Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:
Վերոնշյալ երկրներին կապում են պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից՝ եղբայրական (կրոնի ու ծագման առումով) Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում, լինելով Կասպյան երկիր, իր տարածքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝ տարանցման համար ստանալով տնտեսական օգուտներ՝ դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը: