Ուշագրավ և բավական անկանխատեսելի հետևանքներով դիմակայություն է սպասվում Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում, որը համարվում է սիրիական հակակառավարական տարաբնույթ խմբավորումների (տարբեր տվյալներով՝ ավելի քան 4 տասնյակ խմբավորումներ՝ շուրջ 50 հազ. զինյալներով) վերջին կարևոր հանգրվանը:

Բանն այն է, որ սեպտեմբերի 7-ին Թեհրանում սիրիական հակամարտության հանգուցալուծմանը նվիրված Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի նախագահների գագաթնաժողովից հետո Անկարան անցել է կտրուկ գործողությունների՝ զգալիորեն ավելացնելով և դիվերսիֆիկացնելով Իդլիբում գործող սիրիական թուրքամետ խմբավորումներին տրամադրվող ռազմական աջակցությունը:

Փաստորեն, կարելի է ենթադրել, որ Իդլիբի ճակատագրի հարցում Աստանայի ձևաչափի գործընկերների հետ ընդհանուր հայտարարի չգալուց հետո Անկարան սեփական խաղն է նախաձեռնում՝ ստիպելով մի կողմից Մոսկվային և Թեհրանին, մյուս կողմից՝ Արևմուտքին հաշվի նստել իր շահերի հետ։ Վերջին ուղղությամբ Թուրքիայի բարձրագույն իշխանութունների մի քանի ներկայացուցիչներ, նաև նախագահ Ռ.Թ. Էրդողանը պարբերաբար դիմում են արևմտյան երկրներին՝ գուժելով սպասվող հումանիտար աղետի մասին, եթե սիրիական կառավարական ուժերը և նրանց արտաքին հովանավորները սկսեն նահանգի ազատագրման լայնամասշտաբ ռազմագործողությունը:

Անշուշտ, որևէ կասկած չկա, որ Իդլիբի ռազմագործողության հետևանքով արտաքին դերակատարներից առավելապես տուժելու է Թուրքիան՝ առնվազն դառնալով տասնյակ հազարավոր փախստականների, նաև տարբեր գաղափարական ուղղվածություն ունեցող զինյալների հանգրվան՝ պատճառ դառնալով հումանիտար և անվտանգային ճգնաժամի: Այդ հիմնավորմամբ կանխատեսելի են նաև թուրքական իշխանությունների գործողությունները, որոնց նպատակը առնվազն կարճաժամկետ հեռանկարում լինելու է հնարավորինս երկարաձգել հավանական դիմակայությունն Իդլիբում, ինչը բարդություններ կստեղծի հարձակվող կողմի համար, ինչպես նաև կհանգեցնի հումաիտար աղետի՝ հարկադրելով արևմտյան պետություններին առավել գործնական միջամտություն ցուցաբերել խնդրին և ավելի մեծ ճնշում գործադրել Դամասկոսի հանդեպ: Իրադարձությունների՝ նման սցենարով զարգացման պարագայում խնդրի հագուցալուծումը, հնարավոր է, կրկին տեղափոխվի քաղաքական-բանակցային հարթություն, որի շրջանակում Անկարայի համար առավել դյուրին կլինի պաշտպանել սեփական շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել