Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու համար Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ պնդում է, որպեսզի ԵՄ-ն իր հերթին Ռուսաստանի դեմ «Սկրիպալի գործով» պատժամիջոցներն ընդլայնի: 

Մի շարք հանգամանքներով է պայմանավորված, որ Լոնդոնը հենց այս շրջանում է բարձրացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը: Մեծ Բրիտանիան այս ընթացքում շարունակում է իր համար բավական ծանր բանակցությունները Բրյուսելի հետ Բրեքսիթի մասով, որի վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է ընթացիկ տարվա աշնանը: Դեռևս օգոստոսի վերջերին Բրեքսիթի հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն հայտարարել էր, որ Եվրոպան պետք է նախապատրաստվի Լոնդոնի դուրս գալու կոշտ տարբերակին: Իսկ սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև կնքված պայմանագրերը կարող են խախտվել: Այս ամենի համատեքստում Թերեզա Մեյի կառավարությունը կտրուկ քննադատության է ենթարկվել բանակցությունների ընթացքում բրիտանական տեսակետը պաշտպանելու անկարողության պատճառով: Եվ գուցե պատահական չէ, որ հենց այս պահին Լոնդոնը սկսում է ակտիվ շրջանառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման:

Արդյունքում կարող ենք փաստել, որ Մեծ Բրիտանիան լուծում է 2 խնդիր. Լոնդոնը «Սկրիպալի գործով» փորձում է պահպանել իր հարաբերությունները Բրյուսելի հետ` ցույց տալով, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ունեն ընդհանուր թշնամի, որի դեմ համատեղ պետք է պայքարել, ինչպես նաև Լոնդոնում փորձում են հասնել Բրեքսիթի պայմանների մեղմման:

Ինչպես ներկայումս ներկայացվում է «Սկրիպալի գործը», ակնհայտ է դառնում, որ այն ավելի շատ քարոզչական տարրեր է պարունակում, քան փաստեր: Լոնդոնն այս գործի կառուցողական քննություն սկսելու ցանկություն չի ցուցաբերում: Նա մատնանշում է մեղավորներին, բայց նույնիսկ չի պահանջում կասկածյալների հանձնումը: Օբյեկտիվ քննություն անցկացնելու ցանկությունը կարծես թե բացակայում է, փոխարենն առկա են պատժամիջոցներ իրականացնելու կոչեր: Եթե հարցն այդ տեսանկյունից ենք դիտարկում, ապա կարելի է եզրակացնել, որ բրիտանական իշխանությունների նպատակն է քաղաքական դիվիդենտներ ստանալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառելու կոչ է անում ԵՄ անդամ բոլոր պետություններին: Բայց արդյո՞ք նրանք կաջակցեն Լոնդոնին, դեռևս հայտնի չէ: Երբ մարտ ամսին մի քանի եվրոպական երկրներ որոշեցին ռուս դիվանագետներին հետ ուղարկել` որպես բողոքի ակցիա Սկրիպալի թունավորման հետևանքով, ԵՄ վեց երկրներ հրաժարվեցին հետևել նրանց օրինակին: Թե ինչպես կդասավորվի իրավիճակը ներկա զարգացումների պայմաններում, հստակ կանխորոշելը դժվար կլինի, սակայն շատ եվրոպացի պաշտոնյաներ դեռևս ոչ միանշանակ են ընդունում Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացրած ապացույցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել