Ռուս-ադրբեջանական հարաբերությունների աննախադեպ ջերմացումը և հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող ճգնաժամային երևույթներն իրենց ուրույն արձագանքն են գտնում ՌԴ-ում: Մոսկվան շարունակում է պաշտոնական Երևանին հաղորդագրություններ հղել:

ՌԴ նախագահ Վ. Պուտինի և ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Մոսկվայի մարզի Լյուբերցիի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավար, հայ ազգի բարեկամ Ֆահրադին Աբոսզոդան: Մեկ ամսում դատարանը նաև որոշելու է, թե հանձնելու է Աբոսզոդային Բաքվին, թե՞ ոչ:

Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ նվեր է Պուտինի կողմից Ադրբեջանի բռնապետին. ավագ և կրտսեր Ալիևները վաղուց էին փորձում Բաքվի բանտերից մեկում տեսնել Թալիշ-Մուղանյան Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին խոսնակին, ով պաշտոնական Բաքվի համար միշտ մեծ գլխացավանք է եղել: Աբոսզոդան թալիշական ազգային շարժման ամենաակտիվ գործիչներից է և հաճախակի է լինում Երևանում, ինչպես նաև բազմաթիվ իր հարցազրույցներում բացահայտում է պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ տարվող քաղաքականությունը, որի նպատակն է ձուլել և արտաքսել թալիշներին, լեզգիներին, թաթերին, ուդիներին և այլ բնիկ ժողովուրդներին:

Իր դեմ սկսված հալածանքներրից հետո Աբոսզոդան 1994թ․-ից բնակվում է ՌԴ-ում, սակայն 2005 թ․-ին նա վերադարձավ Ադրբեջան: Աբոսզոդայի թալիշամետ քաղաքականությունը դուր չեկավ Իլհամ բաբային, որի արդյունքում թալիշ ակտիվիստը 2010թ․-ին քաղաքական ապաստան խնդրեց Մոսկվայից, որտեղ և մինչև հիմա բնակվում էր:

Կրեմլում շատ լավ են պատկերացնում, թե Աբոսզոդային ձերբակալելով և հայտարարելով, որ հանձնելու են Բաքվին, ինչ իրավիճակում է հայտնվում պաշտոնական Երևանը: Աբոսզոդան մեր կողմից տարվող հակաադրբեջանական քարոզչության ամենակարևոր դրվագներից է: Վերջինիս ձերբակալությունը մեծ հարված է հայամետ գործունեություն ծավալող մեր բարեկամների համար ևս:

Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ հարված է նաև Ադրբեջանի բնիկ ժողովուրդների այն ակտիվ ներկայացուցիչներին ևս, ովքեր թալիշ ակտիվիստի նման միշտ բացահայտել են Բաքվի կողմից իրենց ազգերի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը:

Ֆարհադին Աբոսզոդայի ձերբակալությունը ևս մեկ մեսիջ է պաշտոնական Երևանին, ինչպես նաև «կրեմլյան привет» Բաքվին, ուր շուտով՝ սեպտեմբերի 25-ին, այցելելու է ՌԴ նախագահը:

ՀԳ. ՀՀ իշխանություններն, ինչպես նաև ռուսաստանաբնակ մեր ակտիվ հայրենակիցներն ամեն ինչ պետք է անեն, որ Աբոսզոդան ոչ միայն չարտաքսվի Բաքու, այլև շատ արագ ազատության մեջ հայտնվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել