Դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանի դուստրը՝ Վիվիենն այս տարի գնաց առաջին դասարան: BlogNews.am-ի հետ զրույցում Դիանան պատմեց, որ դստեր համար դպրոց հաճախելը մեծ ուրախություն է. «Օգոստոս ամիսը նա իր ցանկությամբ մանկապարտեզ չգնաց և շատ էր սպասում իր դասընկերների հետ հանդիպմանը: Վիվիենը շատ մարդամոտ և շփվող է, սիրում է ընկերանալ, նրան դա միայն ուրախություն է պարգևում: Դասերը սովորելու հետ կապված ևս խնդիր չունի, քանի որ մանկապարտեզում եղել են նախադպրոցական դասընթացներ, նա պարզապես հաճույք է ստանում այն փաստից, որ ինչ-որ նոր բան իմացավ և ուզում է, որ բոլորն իմանան, թե ինչ է ինքը սովորել»,- պատմում է Դիանան:

Դիզայների խոսքով՝ մեծ հաճույք է ստանում, երբ դստերն ամեն օր ուղեկցում է դպրոց. «Իհարկե, գրաֆիկումս փոփոխություններ արել եմ։ Ինձ այնքանով է հարմար, որ պետական համակարգում չեմ աշխատում և կարող եմ ժամային առումով ամեն ինչ դասակարգել»:  

Դիանան պատում է, որ դպրոցի առաջին օրը հագուստը միասին են ընտրել. «Նա միշտ մասնակցություն է ունենում իր շորերի ընտրությանը, սիրում է ասել՝ ինչն է հավանում, իսկ ինչը՝ ոչ, իսկ ես միշտ հաշվի եմ առնում նրա կարծիքը»:

Դասապատրաստման հարցում բոլորը պատրաստակամություն են հայտնել օգնել Վիվիենին, բայց, ինչպես Դիանան է նշում, դուստրն ամեն ինչ սիրում է ինքնուրույն անել. «Ես գերադասում եմ, որ նա ինքնուրույն անի, բայց եթե որևէ հարց ունենա, իհարկե, բոլորս էլ պատրաստ ենք օգնել: Առաջին օրն ինքնուրույն արեց տնային հանձնարարությունները, նա ինքն էր եկել այն մտքին, որ ինքնուրույն պետք է անի: Բնականաբար, կհետևեմ, թե ինչպես է անում դասերը, բայց նրա ինքնուրույնության զգացումն ինձ դուր է գալիս»:

Դիանան պատմում է, որ արվեստի հանդեպ սերը դստեր մոտ միշտ է նկատել. «Նա կարող էր ժամերով նստել և նկարել: Դրանից զատ՝ մաթեմատիկայի հանդեպ էլ անտարբեր չէ: Իհարկե, մի քանի տարի հետո գուցե ամբողջությամբ այլ նախասիրություններ ունենա, և օրինակ՝ պարզվի, որ նկարչությունը մնում է պարզապես հոբբի»:

Վիվիենի զբաղվածությունն օրվա ընթացքում միասին դասերով չեն սահմանափակվում, նա հաճախում է նաև անգլերենի դասերի, ինչպես նաև դերասանական արվեստի դասերի:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել