Դերասանուհի Տաթև Սարգսյանը մեկ տարվա հեռուստատեսային դադարից հետո կրկին  վերադառնում է էկրաններ: Հեռուստադիտողն այսուհետ դերասանուհու խաղին կարող է հետևել «Շանթ»-ով հեռարձակվող «Էլենի օրագիրը 2» սերիալում: BlogNews.am-ի հետ զրույցում Տաթևը պատմել է ոչ միայն նոր աշխատանքի մասին, այլև խոսել հիասթափությունների, իր հացեին հնչած քննադատությունների, նոր բիզնես հիմնելու ու Ֆրանսիայում ուսումը շարունակելու մասին:

Դերասանուհին առաջին անգամ է համագործակցում «Շանթ» հեռուստաընկերության հետ: Ասում է՝ չնայած այդ փաստին՝ իրեն ազատ է զգում անձնակազմի ու դերասանների հետ շփումներում. «Որևէ անհարմարություն չի առաջացել, ու կարծում եմ՝ դրան նպաստում է նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը: Թիմում որպես նորեկ ինձ ոչ մի րոպե չեմ զգացել: Շատ հաճելի, անմիջական ու դրական շրջապատում եմ աշխատում, ինչի համար միայն ուրախ եմ: Մեկ տարվա դադարից հետո այդ սերը վերապրելու կարիք ունեի»:

Ինչ վերաբերում է դերին, Տաթևը նկատում է, որ կերպարը կարճ ժամանակում սիրվելու է. «Չեմ կարող այս պահին բացահայտել մանրամասները, դրանք հեռուստադիտողը շուտով կիմանա՝ հետևելով սերիալի զարգացումներին: Վստահ եմ, որ կերպարս սիրվելու է։ Դրա որոշ գծեր ինձ հիշեցնում են թե՛ «Դժվար ապրուստի», թե՛ «Հարազատ թշնամի» և թե՛ «Կայարան»  հեուստասերիալների իմ կերպարները, բայց դա չի խանգարի, որ այլ տեսանկյունից  ներկայանամ, որպեսզի հանդիսատեսն ինձ նորովի բացահայտի»,- ասում է դերասանուհին ու հավելում, որ իսկապես մեծ սեր ու հետաքրքրություն է տածում ոլորտի հանդեպ ու մշտապես ձգտում է ինքնակատարելագործվել. «Նկարահանման հրապարակում ինձ իմ տարերքի մեջ եմ զգում, թևեր առած, ոգևորված, ոգեշնչված: Երբ գալիս եմ տուն, ուզում եմ ֆիլմ դիտել և այնտեղից ինձ համար գողանալ համապատասխան շարժումներ, միմիկաներ ու  փորձել անձամբ կիրառել: Իմ մասնագիտության հանդեպ սերը չի թողնում, որ որևէ դեր անգույն ու անհետաքրքիր լինի ինձ համար, հակառակը, երբ քեզ հետաքրքրում են միայն լավ PR-ը և հայտնի դառնալը, ապա անգամ ամենավառ կերպարը կարող ես մոխրագույն դարձնել»:

IMG_0424 copy

Դերասանուհու համար անչափ կարևոր է նաև հանդիսատեսի արձագանքը: Ասում է՝ ինքը երբեք ինքանագոհ չի եղել ու չի համարել, որ այն, ինչ անում է, պետք է միանշանակ դրական ընդունվի մարդկանց կողմից. «Ինձ համար կարևոր է կողքից կարծիքներ լսել ու փոխվել, եթե դրա կարիքը կա, իսկ կատարելագործվել միշտ է պետք: Դերասանական խաղի մեջ միանշանակ չեմ կարող ասել, որ ես ինձ կարողացել եմ ներկայացնել այնպես, ինչպես պատկերացրել եմ, բայց ինձ համար մեծ պարտավորվածություն է աշխատել այս ոլորտում և գոհացնել առաջինն ինքս ինձ և այն մարդկանց, ովքեր ինձ են վստահել այս դերը: Ամեն օր փորձում եմ զարգացնել իմ պոտենցիալը»:

Տաթևն անկեղծանում է՝ իր հասցեին քիչ չեն եղել բացասական մեկնաբանությունները, որոնք ժամանակին կարողացել են խոցել դերասանուհուն, սակայն նա հիմա իրերին ու երևույթներին սկսել է այլ տեսանկյունից մոտենալ. «Երբեմն լինում էին այնպիսի պահեր, երբ այն, ինչ ուզում էիր արտահայտել, չէիր կարողանում, որովհետև նկարահանման հրապարակում չէր ստացվում տարանջատել կերպարը քո իրական մտահոգություններից: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում մեծ տարբերություն եմ զգացել այն աղջկա միջև, ով խաղում էր «Դժվար ապրուստ»-ում, և այն աղջկա, ով ներկայանալու է հիմա: Այն ժամանակ շատ էի խոցվում վատ ու բացասական մեկնաբանություններից իմ անձի հանդեպ և չէի կարողանում այն զգացմունքները, որոնք ապրում էի, տարանջատել ու թողնել նկարահանման հրապարակից դուրս»:

38858185_2201318120137162_664804170838048768_n.jpg

Ուսանողի կյանքով ապրելու, ուսանողի հույզերն ու հոգսերը ներկայացնելու համար Տաթևին խաղալ պետք չէ, ինքն էլ դեռ 2-րդ կուրսի ուսանող է. «Ուսանողական կյանքով ապրելն ինձ համար մեծ ոգևորություն է: Ես ինձ  թևեր առած եմ զգում։ Չնայած շատ եմ սիրում քնել, բայց կան բաներ, որոնք ինձ ստիպում են ամեն օր երջանիկ արթնանալ այն փաստից, որ սովորում եմ Լոմոնոսովի անվան համալսարանում: Մեծ նպատակներ ունեմ, գուցե կարողանամ գնալ դրսում սովորելու: Երազում եմ Ֆրանսիա մեկնելու մասին, այդ պատճառով այս ամիսներին ամրապնդեցի ֆրանսերենիս իմացությունը: Պետք է ասեմ, որ, ի սկզբանե չսիրելով այդ լեզուն, շատ հեշտ եմ սովորել, անգամ ափսոսանքով եմ նայում այն ժամանակին, որը կորցրել եմ ու չեմ սովորել: Կարծում եմ՝ դասերս աշխատանքիս չեն խանգարի, որովհետև երկուսն էլ սիրում եմ ու չեմ ուզում թերանալ ոչ մի հարցում»:

Դերասանուհին նկարահանումների ընթացքում է ծանոթացել խաղընկերներից շատերի հետ ու միանգամից մտերմացել. «Յուրաքանչյուր ջերմ ստեղծված հարաբերություն ինձ համար հաջողություն է, քանի որ, ինչպես յուրաքանչյուր մարդու կյանքում, ինձ մոտ ևս եղել են հիասթափություններ, որոնք վանել են մարդկանցից, և փորձել եմ շատ կարճ կամ քիչ շփում հաստատել: Դրա համար երբ տեսնում ես լավ մարդկանց, պետք է ընդամենը լայն ժպտաս ու համարես, որ հաջողություն էր թեկուզ այն 15 րոպեն, որ կարողացաք զրուցել ինչ-որ թեմայի շուրջ»:

Որոշակի ստեղծագործական դադարը, Տաթևի խոսքով, նպաստել է, որ վերականգնի ուժերն ու ավելի վստահ ներկայանա. «Դադարի ընթացքում կարոտել եմ աշխատանքս։ Դա այն շրջանն էր, որ չէր ստացվում սկսել: Երևի թե այդպես էր պետք, վերականգնվեցի լիարժեք, իսկ սրանից առաջ ավելի երկար դադար ունեցա՝ մոտ 3 տարի: Երբ 2017-ին սկսեցի նորից նկարահանվել, հասկացա, որ դեռ պետք չէր: Հիմա ինձ ավելի լիարժեք եմ զգում»:

t1(12)

Դերասանուհին այս ընթացքում վերագտել է նաև ներքին խաղաղությունն ու ներդաշնակությունը. «Համարում եմ, որ 26 տարեկանն ամենասիրուն տարիքն է: Մտքեր, որոնք երբեք չեն եղել, խաղաղություն, որին իմ ներսում չէի հասել, հասա: Հիմա ինքս ինձ հետ ներդաշնակ եմ, չեմ չարանում մարդկանց հանդեպ, հեշտ եմ ներում: Ինձ մոտ երբեք դա չի ստացվել: Ցանկացած աննշան բան կարող էր ինձ բարկացնել և խանգարել թե՛ աշխատանքի մեջ, թե՛ անձնական կյանքում, թե՛ ինքս ինձ հետ մենակ մնալիս: Այդ ամենը վերացել է, և չգիտեմ՝ գաղտնիքը որն է, բայց, այնուամենայնիվ, երջանիկ եմ դրա համար, որ կարող եմ ամեն ինչին ավելի հանգիստ աչքերով նայել»:

Տաթևն ազատ ժամանակն օգտագործել է ու կյանքի կոչել իր երազանքներից ևս մեկը. «Որոշեցի շապիկների արտադրություն սկսել։ Դա ինձ համար գումար աշխատելու միջոց չէ, իմ մտքերն եմ վերարտադրում, և ինձ համար մեծ ոգևորություն է, որ մարդիկ գրում են՝ շնորհակալ ենք»:

Դերասանուհին վերջերս նաև որպես երգահան է ներկայանում, ինչը նրա համար ինքնարտահայտման ձև է դարձել. «Օրերս հագեցած են եղել ոչ միայն դասերով, այլև այդ ընթացքում ունեցա երգերի պրեմիերաներ: Ինձ համար դա բոլորովին այլ աշխարհ է, որտեղ ես ինձ գտնում և կորցնում եմ: Երբ տեսնում եմ, թե երգիչներն ինչպես են կատարում իմ գրածը, ինչպես է սիրվում երգն ու հնչում մեքենաների մեջ, ապրումներս դժվարանում եմ նկարագրել: Այս տարվա ընթացքում ևս մեկ պրեմիերա կլինի, այս պահին աշխատում եմ այդ ուղղությամբ»,- եզրափակեց Տաթևը:

t2(19)IMG_0579 copyIMG_0784 copyIMG_0402-Exposure1 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել