Ուզբեկստանը հետաքրքրված է ընդլայնել արտաքին բեռնափոխադրումները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպան Շերզոդ Ֆայզիևը:
Ուզբեկստանը, հանդիսանալով թյուրքախոս, մահմեդական երկիր, Ադրբեջանի հետ ունի հարաբերությունները զարգացնելու զգալի ներուժ` լեզվական, կրոնական նմանությունն ու ուզբեկական ղեկավարության ցանկությունը՝ տարածաշրջանում իրականացնել անկախ արտաքին քաղաքականություն:
Տաշքենդը կարող է օգտագործել Կասպից ծովի լոգիստիկ հնարավորություններն ու հարևան երկրների տարածքով` Ղազախստանով կամ Թուրքմենստանով դուրս գալ ադրբեջանական տրանսպորտային, լոգիստիկ հնարավորությունների վրա ու ապրանքներ արտահանել Թուրքիա և սևծովյան տարածաշրջանի երկրներ:
Իր հերթին էլ Ադրբեջանը հետաքրքրված է բազմամիլիոնանոց Ուզբեկստանի համար տարանցիկ միջանցք դառնալով, ինչպես նաև իր ապրանքներով ներկա գտնվելու ուզբեկական շուկայում:
Այս պահին Ուզբեկստանում բնակվում է ավելի քան 40.000 ադրբեջանցի, ինչը նույնպես կապող օղակ է պետությունների միջև: Ուզբեկստանում գործում է ադրբեջանական ազգային 7 մշակութային կենտրոններ:
Կողմերն ընդլայնում են նաև ռազմական համագործակցությունը: Բաքվում Ուզբեկստանի պաշտպանության նախարարն ու իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի միջև ստորագրվել է 2018թ.-ի ռազմական համագործակցության ծրագիրը:
Ադրբեջանական ներդրումներն էլ կարող են տեղ գտնել 2008թ.-ին ստեղծված Նավոի ազատ տնտեսական գոտու տարածքում, որը գտնվում է Ուզբեկստանի Նավոի քաղաքի հարևանությամբ:
Տրանսկասպյան լոգիստիկ միջանցքի հետ Ադրբեջանը մեծ հույսեր է կապում`ցանկանալով կապող օղակ հանդիսանալ Կասպից ծովի երկու ափերի թյուրքական աշխարհների միջև:
Մեծ ներդրումներ իրականացնելով ենթակառուցվածքների մեջ՝ Բաքուն, Ալյաթիում գործարկելով նոր, բազմաֆունկցիոնալ նավահանգիստ ու ազատ տնտեսական գոտի, ցանկանում է Կենտրոնական Ասիայի համար դառնալ դարպաս դեպի Կովկաս, Սև ծով ու ամենակարևորը՝ Թուրքիա: Անկարան էլ օգտագործում է ադրբեջանական տարածքը՝ որպես պլացդարմ, հենակետ Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներում տնտեսական, քաղաքական, մշակութային ու կրոնական էքսպանսիա իրականացնելու համար․ Էրդողանը որդեգրել է պանթուրքիզմի, պանթուրանիզմի ու նոր օսմանականության արտաքին քաղաքականություն: