168.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետին՝ Ամբակում Գրիգորյանին։

«Ամբակում Գրիգորյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, ով, վստահ եմ, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ասել է Հայկ Գրիգորյանը։

ՔԿ նախագահն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ կադրերին գործուղելով մարզեր՝ խնդիր է դրվում բարելավել մարզային քննչական վարչությունների աշխատանքները՝ քննության որակն ու արդյունավետությունը։

«Գիտակցում եմ աշխատանքի ծանրաբեռնվածությունը ու պատասխանատվության աստիճանը։ Քննչական կոմիտեի ղեկավարությունը փորձում է հնարավոր քայլերը ձեռնարկել՝ քննիչների աշխատանքային պայմանները, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ինչու ոչ՝ նաև սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ, և նույնպիսի սրտացավ վերաբերմունք ակնկալում ենք աշխատակիցներից։ Արդարադատության հիմքը օբյեկտիվ նախաքննության իրականացումն է, քննիչների աշխատանքից է մեծապես կախված օրինականության, իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը։ Արարքի սխալ որակումները, դատավարական նորմերի խախտումներն ուղղակի անթույլատրելի են։ Մենք ծառայում ենք մեր ժողովրդին, իսկ դա սոսկ խոսքով չպետք է լինի, այլ՝ գործով։ Յուրաքանչյուր դեպքով, յուրաքանչյուր գործով քաղաքացին պետք է զգա, որ որևէ հանցագործ անպատիժ չի մնալու, արարքների որակումները լինելու են ճիշտ, պատասխանատվությունը՝ անխուսափելի»,- նշել է Հայկ Գրիգորյանը և հատուկ կարևորել քաղաքացիների հետ բարեխիղճ շփումները, համագործակցությունը։

«Մենք մեր ամենօրյա աշխատանքում առնչվում, գործ ենք ունենում հատկապես խոցելի խմբերի՝ հանցագործությունից տուժած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետ, որոնց իրավունքներն ու պարտականությունները հստակորեն ամրագրված են օրենսդրությամբ։ Եվ ուղղակի պարտավոր ենք յուրաքանչյուր քրեական գործով քննության ընթացքում հետևողական լինել դատավարական նորմերի պահպանման ուղղությամբ։ Ցանկացած գուցե աննշան թվացող խախտում կարող է արժեզրկել, ստվերել ձեր կատարած աշխատանքը, իսկ նման «շռայլություն» մեզ թույլ տալու իրավունք պարզապես չունենք։ Ձեռք բերված որևէ ապացույց չպետք է լինի խոցելի»,- ընդգծել է ՀՀ ՔԿ նախագահը։

Հայկ Գրիգորյանը փաստել է, որ աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է կոլեկտիվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և վստահություն հայտնել, որ նորանշանակ պետին կհաջողվի ընդհանուր աշխատանքի շուրջ համախմբել բոլորին, իսկ անբարեխիղճ աշխատողները կհեռացվեն համակարգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել