Թուրքական զինվորականները ցանկանում են անհապաղ ռազմածովային բազա ստեղծել չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար:
Նշվում է, որ Թուրքիան քննարկում է Հյուսիսային Կիպրոսում Գեչիթքալե ավիաբազայի վերականգնման հնարավորությունը, որը նախկինում օգտագործում էր թուրքական ռազմական ավիացիան:
Անկարան, փաստորեն, շարունակում է աջակցել իր իսկ կողմից արհեստականորեն ստեղծված հանրապետությանը, որն ամբողջովին կախված է Թուրքիայի ֆինանսական, դիվանագիտական և ռազմա-քաղաքական աջակցությունից:
Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն, չնայած միջազգային բացասական վերաբերմունքին, Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:
Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտնվում Թուրքիայի ԶՈւ-երի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:
Քանի որ Հյուսիսային Կիպրոսը միջազգայնորեն ճանաչված չէ, բոլոր տնտեսական գործողությունները իրականացվում են Թուրքիայի միջոցով, որտեղ տեղակայված են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեսպանատունը և հյուպատոսարանները:
Փաստորեն, Թուրքիան, անտեսելով միջազգային հանրության, ԵՄ-ի պահանջները, որտեղ Անկարան անընդհատ շտապում է, առաջնային է համարել իր ազգային-պետական շահերը և ստեղծել թուրքական երկրորդ պետությունը:
Թուրքիան իր զինված ուժերի օգնությամբ իրականացնում է Հյուսիսային Կիպրոսի վերահսկողությունը: Անկարան, իր պանթուրքիստական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով, Հյուսիսային Կիպրոսի պարագայում առաջնորդվել է «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով, որն այժմ այդքան հաճախ գործածվում է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները նկարագրելու համար: