«Նոր Հայաստանի» քարոզչամեքենան մի հետաքրքիր յուրահատկություն ունի` «հեղափոխությանը քննադատել չի կարելի, քանի որ դա բոլորիս ձեռքբերումն է և դրանից է կախված Հայաստանի լինել-չլինելու հարցը, իսկ եթե դու էլ ես ժողովրդավարական պետության կողմնակից, սպասիր հեղափոխության ավարտին ու նոր քննադատիր»: Առաջին հայացքից շատ դարակազմիկ բովանդակություն ենթադրող միտք է վերոգրյալը, բայց իրականում, ինչպես «հեղափոխություն» հռչակված գործընթացի բազմաթիվ այլ բաղադրիչներ, խիստ բովանդակազուրկ է: 

Մինչ այս մոտեցման ջատագովների «հետին մտքին» անդրադառնալը շատ կարճ պատմական ակնարկ. 1953 թվականի հուլիսին Կուբայում սկսած հեղափոխությունը մինչ օրս ավարտված չի համարվում (հուսով եմ՝ Ֆիդելը «երկնքում» կների ինձ մեր երկրում տեղի ունեցածի հետ իրենց խիստ գաղափարական գործը համեմատելու համար), 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունն ավարտվեց ԽՍՀՄ փլուզումով միայն, իսկ մինչև 1953 թվական հակահեղափոխության անվան տակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին և աքսորվեցին: Վերոգրյալ երկու դեպքերից հարյուրամյակներ առաջ Անգլիական և Ֆրանսիական հեղափոխություններն ավելի տխուր ավարտ ունեցան հենց այդ հեղափոխականների համար: Անգլիայում հեղափոխությունն ավարտվեց այն ժամանակ, երբ դրա առաջամարտիկ Օլիվեր Կրոմվելի դիակը Չարլզ 2-րդ թագավորի կարգադրությամբ հանեցին և որպես պետական դավաճանի գլխատեցին: Ֆրանսիայում հեղափոխությունն ավարտվեց, երբ Յակոբինյանների վերջին մոհիկանները գլխատվեցին` Ռոբեսպիեռ եղբայրներ, Դանտոն և այլն, իսկ իշխանությունն ուզուրպացվեց գեներալ Բոնապարտի կողմից, ինչն էլ երկար չտևեց: Վերոնշյալ 4 պատմական օրինակներում կարմիր թելի նման անցնում է գործընթացի հեղափոխական բնույթը, որն ունեցել է հեղափոխությանը հատուկ բացառապես բոլոր հատկանիշները և, որ ամենակարևորն է, խիստ արժեքային և գաղափարական բաղադրիչներ է ունեցել: Բայց այսքանով հանդերձ դրանց ավարտը խիստ բացասական է եղել և երևի հենց դա է պատճառը, որ շատ-շատերն այս հեղափոխություններին հղում անելիս ավարտի մասին լռում են և խոսում են միայն սկզբնավորման էյֆորիկ զեղումներից: 

Հիմա Հայաստանում տեղի ունեցածն ակնհայտորեն չունի «հեղափոխություն» եզրույթի գործառնական բաղադրիչներից և ոչ մեկը, բայց մեր վզին փաթաթվում է որպես հեղափոխություն: Հայաստանում տեղի ունեցածն անգամ գաղափարական հենք չունի, գոնե միայն այն պատճառով, որ դրա առաջնորդի կողմից հրապարակային մերժվել են բոլոր գաղափարախոսական ուղղությունները, իսկ պատմությանը հայտնի բացառապես բոլոր ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ունեցել են ընդգծված քաղաքական գաղափարախոսական հենք: «Ժողովրդավարություն» եզրույթը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է բացառապես եվրոպական առաջնորդների հետ հանդիպելիս, և այս գործընթացը ՀՀ-ում ժողովրդավարացման հետ կապելն էլ ուղղակի հիմնազուրկ է: Փաշինյանը «ժողովրդավարություն» եզրույթն օգտագործել է մեկ անգամ Բրյուսելում, մեկ անգամ էլ Անգելա Մերկելին ՀՀ-ում ընդունելու ժամանակ, իսկ մնացած բոլոր դեպքերում օգտագործել է բացառապես` ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ տերմինը, որն ուղղակիորեն չի նշանակում ժողովրդավարական: Հիմա մեզ այսքանով հանդերձ ասում են․ «Մի քննադատեք «հեղափոխությանը» կամ քննադատեք և դարձեք հակահեղափոխական»: Մեղմ ասած՝ անազնիվ է նման լոյալություն պահանջելը, բայց անազնիվ է այն տեսանկյունից, եթե դու ժողովրդավարության կողմնակից ես: 
Քարոզչամեքենայի կողմից հրամցվող այս թեզը նաև շատ վտանգավոր է հենց իրենց համար, քանի որ «հեղափոխությանը» չքննադատելու` «11-րդ պատվիրանը» չխախտելու դեպքում ընտրություններ անցկացնելն էլ է իմաստազրկվում: Այսինքն՝ ի՞նչ ընտրությունը, եթե բոլորս «հեղափոխական» ենք, ո՞ւմ միջև ընտրություն, երբ Րաֆֆին ասում է՝ ինքն է հեղափոխությունը, ծռերն ասում են՝ իրենք են հեղափոխության ակունքներում, ՔՊ-ի կողմից մերժված ԵԼՔ դաշինքի մյուս երկու կուսակցություններն ասում են՝ իրենք են հեղափոխությունը, իսկ «հեղափոխության» ավարտն ու առկա ռեսուրսների կապիտալիզացիայի սկիզբը չեն երևում։ Ընդհանրապես, այս տեմպերով դանդաղելու դեպքում շատ հնարավոր է՝ այդ «հեղափոխությունն» ավարտվի ավելի շուտ և ավելի ցավալի հետևանքներով, քան իմ նշած պատմական օրինակներից մի քանիսի դեպքում էր: Ի՞նչ են անելու այդ ժամանակ այսօր քարոզչամիջոցների վերածված խմբերն ու ԶԼՄ-ները: 

Հ.Գ. «Հեղափոխությունը» կարող է հաղթել կամ ավարտված համարվել այն պարագայում, երբ գոնե դրա արժեքային ու գաղափարական բաղադրիչները կամբողջանան, իսկ եղածները կվերանայվեն, քանի որ հակառակ պարագայում երկիրն ընթանալու է երկրաչափական պրոգրեսիայով աճող անտոգոնիզմի ճանապարհով, իսկ վերջնարդյունքը կործանարար է լինելու բոլորիս համար: Ներկայումս ազատ խոսքը սահմանափակելով, բացառապես պոպուլիստական ճանարապարհով ներքաղաքական և խիստ վտանգավոր արկածախնդրության տանող արտաքին քաղաքական ռեակցիոնիստական քաղաքականությամբ փակուղի ենք ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել