Ֆեյսբուքյան հանրության լայն շրջանակների մոտ մի հոգեվիճակ եմ նկատում, ասես այս մարդկանց համար ամեն ինչ նոր է, ու երկիրն արարվել է 2018 թվականի ապրիլ-մայիսին, իսկ դրանից առաջ քաոս էր ու ՀՀԿ-ական դևերով լցված դատարկություն։ 

Դա այդքան էլ այդպես չէ։ Նույն Ֆեյսբուքը կար մինչև ապրիլ էլ, քաղաքական պրոցեսներ էլ կային, դիմակայություններ էլ կային, տո ատելության խոսք ու քարոզ էլ կար։ Սակայն կարող ենք փաստել, որ նույնիսկ 2007-2008-ին չկար հասարակության այնպիսի ատոմիզացիա ու այնպիսի ատելություն, որ կա հիմա, իսկ ամենասարսափելին այն է, որ այդ ատելության հաղթարշավն ամենևին էլ սպոնտան չէ, ունի ինստիտուցիոնալ բնույթ ու կազմակերպված ռազամավարություն և մարտավարություն։ 

Իրավիճակի պարզեցում կլինի, եթե ասեմ, որ գործ ունենք միայն իշխանական ֆեյքերի բանակի հետ։ Խնդրի իրական մասշտաբների առհավատչյան նաև այն է, որ ունենք միանգամայն իրական օգտատերերի ուղղորդված բազմություն, որոնք ոչ մի կարմիր գիծ, ոչ մի ներքին տաբու չունեն «ախոյաններին» չեզոքացնելու և սևացնելու հարցում։ 
Եթե գնանք ֆեյսբուքյան միջին քոմենթչու սիրած տրամաբանական ալգորիթմով ու փորձենք խնդիրը դիտարկել «Բա Սերժի ժամանակ ավելի լա՞վ էր» թեզով, ապա կոնկրետ այս հարցում կարելի է մաքուր խղճով ասել՝ այո՛, ավելի լավ էր։ Դիտարկենք մի քանի քաղաքական ճգնաժամային դրվագ, երբ նույն ֆեյքերն ու հին իշխանությունների կողմնակիցները Ֆեյսբուքում տեղեկատվական պատերազմ էին վարում։ Արդեն ավարտված այդ վիրտուալ դիմակայություններում նույն ՀՀԿ-ի ու մերձիշխանական շրջանակների ֆեյքերն ու ռեալ օգտատերերը, իհարկե, կիրառում էին սև փիառ ու կեղտոտ հնարքներ, բայց, այնուամենայնիվ, կային որոշակի կարմիր գծեր։ Օրինակ՝ ամենաոխերիմ թշնամուն հակազդելիս էլ նրա/նրանց ընտանիքին չէին խառնում։ Նման բան չի եղել ո՛չ Սասնա ծռերի նկատմամբ, ո՛չ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ, երբ 2014 թվականի դիմակայությունն էր, չի եղել նման բան նաև Նիկոլ Փաշինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ 

Սա որևէ կերպ չի նշանակում, որ նախկին իշխանությունները հրեշտակների հոծ բազմություն էին, ոչ էլ ինդուլգենցիա է հանդիսանում այն բազմաթիվ սխալների, բացթողումների ու հանցագործությունների համար, որոնք արվել են նախկինում։ Սակայն սա կոնկրետ նշանակում է, որ նոր իշխանություններն առանց այն էլ ոչ իդեալական մակարդակի նշաձողն ավելի են իջեցրել, ու այսուհետև մի իրականությունում ենք ապրում, երբ լրիվ նորմալ է դարձել ընդդիմախոսիդ նեղելու համար վիրավորես նրան, վիրավորես ու ճնշես նրա ընտանիքի անդամներին, որոնք երբևէ որևէ մասնակցություն չեն ունեցել քաղաքական զարգացումներին, նորմալ է դարձել նման պիղծ գործելաոճով հիանալն ու նման արարքներին ծափահարելը։ Նոր իրականությունում միակ աննորմալ բանն այս համատեքստում այն է, որ այդ լեգիտիմացվող հնարքները կիրառվեն իշխանական ու պրոիշխանական դերակատարների նկատմամբ։ 

Սա իրոք մեծ խնդիր է, որովհետև, նախ, դեռ չի եղել այնպես, որ ատելության կուլտիվացիայով սեր ու հանդուրժողականություն կառուցվեն հասարակություն մեջ։ Հետո էլ, որ ավելի վտանգավոր է, նման անհեռատես ու պիղծ ռազմավարության առանձնահատկությունն այն է, որ վիրտուալ դաշտն այդ ալիքի համար միայն ժամանակավոր կացարան է, ու վաղ թե ուշ ատելության ու անհանդուրժողականության կուտակված ալիքը կանալիզացման ուղիներ է փնտրելու ու դուրս է ցայտելու օֆլայն տիրույթ՝ փողոցներ, տներ, կոլեկտիվներ: Ես գիտակցում եմ, որ մեր Դուչեն սպառնում էր ԱԱԾ-ով այսպիսի մտքերի համար, բայց հենց այսպիսի ալգորիթմներով ու ռազմավարությամբ են հասարակությունը հասցնում քաղաքացիական բախումերի ու քաղաքացիական պատերազմների, ուստի, ի հեճուկս ԱԱԾ-ով սպառնալիքների, կոչ եմ անում սթափվել, կանգ առնել, լինել շրջահայաց ու հասկանալ, որ կանգ առնելու ժամանակն է։ Կարմիր գծեր պետք է լինեն գոնե նախկինում եղած մինիմալ մակարդակով, որովհետև հակառակ սցենարից բխող բոլոր ռիսկերն ու զոհերը լիելու են իշխանությունների պատասխանատվության տիրույթում՝ անկախ նրանից, թե այդ իշխանությունը դիտավորյա՞լ էր ջնջում այդ կարմիր գծերը, թե՞ իր անգործությամբ էր խրախուսում, որ մարգինալիզացված ագրեսիվ խմբերն անեին դա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել