BlogNews.am-ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ դերասանուհի Սիլվի Բարկովան, կատարելով իր կյանքի ամենակարևոր ընտրություններից մեկը, օգոստոսի 14-ին Մումբայում հավերժ սիրելու խոստում է տվել սիրելիիին: Դերասանուհու սիրելին ազգությամբ հնդիկ է, ու հարսանիքն անցել է հնդկական ավանդական հարսանիքի բոլոր կանոններին համապատասխան: Նա իր պրոդյուսերական ընկերությունն ունի ու նաև զբաղվում է բիզնեսով: Թեև դերասանուհին հազվադեպ է խոսում անձնական կյանքի մասին, բայց սիրով համաձայնել է BlogNews.am-ին մանրամասներ պատմել հարսանեկան արարողությունից ու տրամադրել է լուսանկարներ:
Անասելի շքեղ ու ուրախ. այսպես է բնորոշում Սիլվին հնդկական ավանդույթներով տեղի ունեցած հարսանիքը: Ասում է՝ այսպիսի հարսանիք ունենալը նրանց համատեղ որոշումն է եղել. «Մեծ ու շքեղ հարսանիք է եղել, որի մասին երազել եմ ամբողջ կյանքում: Պահպանել էինք հնդկական հարսանեկան կարգի որոշ տարրեր, բայց փորձել ենք նաև հնարավորինս կրճատել հին ավանդույթները: Հնդկական հարսանիքների մասին կարող եմ անվերջ խոսել, բայց կեզրափակվեմ մեկ նախադասությամբ՝ անասելի շքեղ ու ուրախ»:
Ինչպես գիտենք, հնդկական գունեղ հարսանիքները մեկ օրով չեն սահմանափակվում: Դերասանուհու դեպքում էլ բացառություն չի եղել. «Ֆիլմերում հաճախ են հարսանիքի դրվագներ ցուցադրվում, որոնք ապշեցնում են իրենց շքեղությամբ ու գունեղությամբ։ Այսօր վստահ կարող եմ ասել, որ շքեղ հարսանիքները հեռու չեն իրականությունից։ Իմ հարսանիքը 3 օր է տևել, իսկ ես հասցրել եմ այդ ընթացքում հարսանեկան 2 զգեստ փոխել»:
Կյանքի ամենակարևոր օրը Սիլվիի կողքին հարազատներից եղել են մայրիկն ու մորաքույրը, ասում է՝ անբացատրելի էին մոր էմոցիաներն ու զգացողությունները, երբ իրեն մեր աչքին անսովոր հարսի զգեստով է տեսել. «Հիացած էր, ապշած, ուրախ, ոգևորված… Նույն ապրումները, ինչ բոլոր մայրերն ունենում են իրենց աղջիկների պսակադրության օրը»:
Սիլվին, ի տարբերություն մնացած նորահարսիկների, հարսանեկան նախապատրաստություններին չի մասնակցել. «Ես արդեն պատրաստի հարսանիքիս եմ գնացել, ամեն ինչի մասին հոգացել էր իմ սիրելին»:
Հարսանիքի տպավորիչ ու հուզիչ պահերը շատ են եղել, բայց դերասանուհին առանձնացնում է հատկապես երկուսը. «Ամենահուզիչ պահը երևի թե եղել է մեր միասնության ազդարարումը, երբ հարսանեկան արարողության վերջում կարմիր սինդուրը քսեց ճակատիս՝ ի նշան նրա, որ ես այսուհետև իրենն եմ: Կառանձնացնեմ նաև այն պահը, երբ իմ սիրելի երգիչներից մեկը կատարեց իմ սիրելի երգը»:
Սիլվիի համար, պարզվում է նոր կենսակերպին հարմարվելը ոչ մի դժվարություն չի առաջացրել. «Հնդկական ավանդույթներին հարմարվելու խնդիր չունեմ»:
Սիլվիի խոսքով՝ նոր ընտանիքում իրեն գրկաբաց են ընդունել՝ հաշվի չառնելով, որ այլազգի է. «Ինձ հետ հանդիպումից հետո բոլորն անխտիր ասում էին՝ ինչ լավ է, որ մեր տղան չի ամուսնացել հնդկուհու հետ ու հենց այս աղջկան է բերել մեր տուն: Հույս ունեմ՝ մինչև վերջ էլ այդ կարծիքին կմնան»:
Դերասանուհին արդեն հասցրել է ցույց տալ իր խոհարարական տաղանդը: Նա ոչ միայն յուրացրել է արևելյան խոհանոցի գաղտնիքները, այլև հայկական խոհանոցն է փորձում հրամցնել ամուսնուն. «Նա շատ է սիրում, երբ ես պատրաստում եմ: Նրբաբլիթ եմ պատրաստել հավի մսով, որը նա շատ հավանեց, իսկ ահա աջաբսանդալը փորձեց, և նրան դուր չեկավ»:
Ինչպիսին է պատկերացնում իր ապագան՝ Սիլվին այս պահին դժավարանում է ասել, սակայն լիահույս է, որ ամեն ինչ լավ է լինելու. «Եթե կա սեր, ամեն ինչ հեշտ է ու հաղթահարելի: Գուցե որոշ ժամանակ անց ուժերս փորձեմ նաև Բոլիվուդում»։