Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները:
Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն:
Հիմնվելով 2023թ. ապրիլին Երևանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ կողմերը քննարկել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները:
Խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը: Հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել