Աշխարհը միշտ քրդերին օգտագործել է ի շահ իրեն: Եթե թերթենք պատմության էջերը, ապա շատ հետաքրքիր դեպքերի կհանդիպենք: Չցանկանալով գրառումս ծանրաբեռնել՝ բերեմ մի քանի փաստեր, որով աշխարհը ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով:

Այսպիսով՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ թուրքերը, ցանկանալով հայերից ապահովագրվել, փորձում են պատնեշ ստեղծել՝ քրդերին նվիրաբերելով Հայաստանի հողերը: Բիթլիսցի քուրդ մոլլա Իդրիսին թուրքերը նվիրում են Մծբինից մինչև Դերսիմ ընկած տարածքը (Դիարբեքիր): Թուրքերն անհատույց սեփականության իրավունքով քրդերին են նվիրում հայապատկան տարածքներ Տիգրիսի ակունքների մոտ, ինչպես նաև քրդական ցեղեր են տեղափոխվում Էրզրում և Հայաստանի այլ բնակավայրեր:

Թուրքերից հետ չի մնում Անգլիան: Պատահական չէր, որ 19-րդ դարում Անգլիան Էրզրումում իր հյուպատոսին շատ ժամանակ համարում էր Քրդստանի հյուպատոս:

Ռուսաստանը նույնպես հետ չէր մնում, և քաղաքական գործիչները, մտավորականները, ռազմական գործիչներն Էրզրումի շրջանն անվանում էին Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի (Վանի) շրջանը` Հարավային Քրդստան: Ընդհանուր առմամբ, սրան դեմ չէին թուրքերը, քանի որ վերջապես կարող էին ազատվել պատմական հիմքով Արմենիա անվանումից, իսկ Քրդստան շինծու, առանց պատմական հիմքերի տեղանվան ժխտումն արդեն հետագայում ավելի հեշտ է լինելու:

Պետք է փաստեմ նաև, որ 1920թ.-ին Հայաստանն ու Արցախն իրար կապող տարածքը՝ ներկայիս Քաշաթաղի շրջանը, բոլշևիկները անվանեցին Կարմիր Քրդստան, ու դա ձգվում էր մինչև հյուսիս՝ Քարվաճառ: Դրանով բոլշևիկները, խաբվելով թուրքերից, փորձում էին Արևմտյան Հայաստանում ստանալ քրդերի համակրանքը: Դե քանի որ այնտեղ այլևս հայեր չէին մնացել, ովքեր համարվում էին ռուսների դաշնակիցը, փորձում էին արդեն սիրաշահել քրդերին: 
Սակայն Թուքրիան կարծես թե իր հաշվարկներում սխալվեց՝ իր լռությամբ տալով համաձայնություն Քրդստան տեղանվանը, քանի որ այսօր ունի թիվ մեկ վտանգը՝ ի դեմս հենց Քրդստանի ու քրդական հարցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել