Armenpress.am-ը գրում է.

Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա գնահատմամբ՝ դա կարող է լինել զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը: Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ ուղղությամբ»,- հայտարարեց Բալայանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: «Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան նախագահելու է ԵԱՀԿ-ում»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել