Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, հանդիպել աշխատակիցների հետ, ծանոթացել աստղադիտարանի ընթացիկ գործունեությանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և 
տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի, միջազգային համագործակցության մասին:

Աշխատակիցների հետ անմիջական զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ատղադիտարանի զարգացման տեսլականի շուրջ: Նախագահը կարևորել է առաջնահերթ խնդիրների ձևակերպումն ու առաջիկա տասնամյակների համար հստակ տեսլականի ձևավորումը:


«Ընդհանուր տեսլական ունենալը կարևոր է. պետք է իմանալ, թե տասը կամ քսան տարի հետո որտեղ պետք է լինի Բյուրականը»,-նշել է նախագահը՝ առաջարկելով որոշել առաջնահերթությունները, ծրագրեր ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել աստղադիտարանին:

Նախագահը շրջել է նաև աստղադիտարանի տարածքում, այցելել Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են, որ այս տարի արդեն շուրջ 6000 այցելու են ընդունել:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել