Ջազ երգչուհի Մարբին՝ նույն ինքը Մարինե Հակոբյանը, ծնվել է Ստեփանակերտում: Երևան գալուց հետո ընդունվել է Կոնսերվատորիա և հանդիսանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատարը: Կյանքի փիլիսոփայություններից մեկն էլ գեղեցիկ ապրելակերպն է, տեսնել և արարել միայն գեղեցիկը: Ասում է՝ իմ պարագայում գեղեցկությունը չպետք է թերի լինի: BlogNews.am-ը լուսանկարել է երգչուհուն և անկեղծ զրույց ունեցել: Երգչուհին իր գործունեության ընթացքում նկարահանել է միայն մեկ տեսահոլովակ, հենց այստեղից էլ սկսվեց մեր զրույցը:

«Միգուցե պատճառը հանդիսատեսն է, համերգային աշխույժ ռիթմը։ Այնքան մեծ ծավալի համերգներ կան, որ տեսահոլովակով կամ նման կոնցեպտով ներկայանալու ծրագրերը մնում են երկրորդ պլանում: Այն ժանրում, որում ես հանդես եմ գալիս, այդքան էլ էական չէ տեսահոլովակը․ թերևս բոլոր արտիստների համար էլ յուրաքանչյուր ինֆորմացիա ունի իր դրական կողմը: Չեմ կարող ասել՝ երբ կներկայանամ այդ ծրագրով, ամեն ինչ ընթացքի մեջ է»:

Ուժեղ բնավորություն ունի, ինչպես նաև շատ համբերատար է. «Պայքարող եմ, ձգտող և կատարյալին հասնելու ցանկություն ունեմ: Ինձ հունից հանում է մարդկանց կեղծավորությունը, ալարկոտությունը, անբան լինելը և մեծամտությունը»:

Կյանքում հիասթափության պահեր ունեցել է, բայց ոչ այն աստիճանի, որ այլևս չցանկանա երգել. «Եղել են պահեր, որ ցանկացել եմ մեկուսանալ օբյեկտիվությունից, քանի որ երգիչ-կատարողը կիսում է բազմաթիվ զգացմունքներ և տարածքներ, բայց որ հիասթափությունը խթան հանդիսանա այլևս չերգելուն, նման բան չեմ հիշում»:  

Երգչուհին ունի տարբերբերվող և յուրահատուկ ոճ, համոզված է՝ յուրաքանչյուր արտիստ պետք է իր խոսքն ունենա ցանկացած աշխատանքում. «Իհարկե, համագործակցություններ լինում են տարբեր մասնագետների հետ, բայց արտ դիմահարդարման հետ կապված ընդհանուր գաղափարը գալիս է ինձանից: Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ պետք է ունենա իր խոսքն ինչպես իր գործում, այնպես էլ իրեն վերաբերող բոլոր էլեմենտներում՝ դա կլինի նորաձևություն, խոսք, շարժում և այլն: Իր տեսակը ներկայացնող պատկեր պետք է ունենա»:

Երգչուհու կարիերայի համար հենց ակումբային ակտիվությունը խթան հանդիսացավ. «Եթե վերցնենք որպես մասսայական հասկացողություն, ջազը կոմերցիոն չէ, եթե չի դասվում նման դասին, ապա լսարանը շատ քիչ տոկոս է կազմում, բայց հաճելի տոկոս: Լավ երաժշտությունն ամեն մարդու բան չէ: Ինչ խոսք, հայերից հեռու չէ ջազը, որովհետև մենք նույնպես իմպրովիզացիոն համակարգի սիրահարներ ենք: Ջազն ապրելակերպ է, որը հասու է նաև հայերիս: Իմ ստեղծագործական ուղղությունն ընդգրկում է տարբեր ժանրեր՝ ֆոլկ, ջազ, ֆուսիոն, բլյուզ, ֆանկ, փոփ, սոուլ, էլեկտրո հաուս»:

Արտերկիր համերգների հաճախ է մեկնում, բայց ապրիլի 22-ին Նյու Յորքում ցեղասպանությանը նվիրված համերգը երբեք չի մոռանա. «Նյու Յորք այցս և ելույթս կյանքիս հաճելի փորձություններից մեկն էին՝ լի հետաքրքիր էմոցիաներով և ինֆորմացիայով, ծանոթություններով, մասնագիտական նոր մոտեցմամբ և նոր ուժով դեպի ապագա քայլեր: Վերջերս շատ են արտերկրից հրավերները, դա պարտավորեցնում է, որ ստեղծագործական լուրջ աշխատանքներ ունենամ՝ հայ ֆենոմենը պատվով ներկայացնելու համար»:

Երգչուհին նաև մասնակացում է տարբեր փառատոնների թե՛ այստեղ և թե՛ արտերկրում. «Փառատոնը, համախմբելով բազմաթիվ մարդկանց մի հարթակում, համախմբում է բոլոր գաղափարները նույն տեղում, ինչը միջոց է կատարողի համար ներկայանալու՝ ցույց տալով քո հնարավորությունները, ծանոթանալ մնացած ստեղծագործող մտքերին և քո կատարման վերաբերյալ պրոֆեսիոնալ գնահատական ստանալ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Johny Core-ի
Հագուստը՝ Petoor
Դիմահարդար՝ Նատալի Տոնոյան
Վարսահարդար՝ Դիանա Ադամյան
Նկարահանումն իրականացվել է Cross sport complex-ում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել