Կառավարության այսօրվա նիստում քվեարկության դրվեց Հայկ Գրիգորյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակելու կառավարության որոշման նախագիծը:
Որոշումն ընդունվեց: Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:
1994 - 1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել է Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը:
2001 - 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
2006 թվականի սեպտեմբերի 11-ին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա:
2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2010 -2011 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ:



