Որտեղ և ինչպես հանգստանալ ամռանը, որքան գումար նախատեսել հանգստի համար. սրանք հիմնական հարցերն են, որ գրեթե յուրաքանչյուրը տալիս է իրեն ամառվա սկզբին: BlogNews.am-ը որոշեց այս թեմայով զրուցել Վարդան Սարգսյանի հետ, ով իր՝ «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում բազմաթիվ երկրներում է եղել: Վարդանին խնդրեցինք առանձնացնել հանգստանալու համար հինգ ամենահարմար երկրները և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացնել, թե որքան գումար է անհրաժշտ տվյալ երկրում հանգստանալու համար:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդը որքան գումար է պատրաստ տրամադրել հանգստին: Ցավոք սրտի, ամռանը էկզոտիկ երկրներում, որտեղ հետաքրքիր է հանգստանալ, բավականին անձրևոտ է։ Թայլանդ, Շրի Լանկա կարելի է մեկնել, բայց այնտեղ անձրևներ են: Չնայած փորձը ցույց է տալիս, որ անգամ դրա առկայության դեպքում մարդիկ մեկնում են, իսկ անձրևներն օրվա ընթացքում մոտ տասը րոպե են լինում»,- նշում է Վարդանը:
Եգիպտոս, 400-600 դոլար (մեկ անձի համար՝ մեկ շաբաթով)
Սա, իհարկե, ամենամատչելի հանգիստն է: Կան մարդիկ, ովքեր գայթակղվում են առաջարկվող հյուրանոցների ցածր գներով և արդյունքում դժգոհ մնում: Օրինակ՝ 300 դոլարով մեկնում են հանգստանալու, վերադառնում են հիասթափված, քանի որ հյուրանոցը լավը չի լինում: Եթե մի փոքր ավել վճարեն, բնականաբար, շատ գոհ կմնան, որովհետև Շարմ էլ Շեյխը, Հուրգադան իդեալական են հանգստի համար: Կարմիր ծովը պարզապես հրաշալի է իր ձկնատեսակներով և հետաքրքրությամբ:
Ինձ համար ամենամատչելի տարբերակում նախընտրելի է Եգիպտոսը, քանի որ, եթե անգամ Վրաստանում հանգստանալու սկզբում ավելի մատչելի եք վճարում, այնտեղ այնքան այլ ծախսեր են լինում, որ բերում են Եգիպտոսի նույն գնին:
Ֆուջայրա, 700-800 դոլար (մեկ անձը՝ մեկ շաբաթով)
Դուբայում, Շարժայում, իհարկե, այս սեզոնին անտանելի շոգ է, բայց Ֆուջայրայում եղանակը լավ է։ Ուղևորության արժեքն էլ մի փոքր թանկ է Շերմ էլ Շեյխի կամ Հուրգադայի համեմատ: Իհարկե, Ֆուջայրայում պասիվ հանգիստ է․ եթե, օրինակ, Շարմ էլ Շեյխում դուք երեկոյան կարող եք դուրս գալ քաղաք՝ զբոսնելու, Ֆուջայրայում այդ ամենը չկա, քանի որ շուրջն անապատ է, իսկ Դուբայ գնալը բավականին թանկ է արժենալու:
Եվրոպական որևէ երկիր՝ Կիպրոս, Հունաստան, Իտալիա, Իսպանիա, 900-1000 եվրո (մեկ անձը՝ մեկ շաբաթով)
Չնայած եթե զուտ ծովափնյա հանգիստ եք ընտրում, ապա այն գումարը, որը դուք պետք է վճարեք ու գնաք Հունաստան, կարելի է ուղղել արևելյան որևէ երկրում հանգստանալուն: Օրինակ՝ ես նախընտրում եմ Եվրոպա մեկնել էքսկուրսիայի տարբերակով։ Օրինակ՝ եթե խոսքն Իտալիայի մասին է, կարելի է գնալ Վենետիկ, Հռոմ, Ֆլորենցիա, հետո արդեն հանգիստը վայելել Իտալիայի որևէ ծովափնյա քաղաքում, օրինակ՝ Ռիմինիում:
Ինդոնեզիա, Բալի, 1800-2000 դոլար (մեկ անձը՝ մեկ շաբաթով)
Այս ամենից հետո, իհարկե, ամեն բան թանկանում է, բայց սկսվում է ամենահետաքրքիրը: Գալիս է Ինդոնեզիան՝ Բալին, որը բավականին թանկ հաճույք է, միայն տոմսը 500.000 դրամ է, բայց այնտեղ ամառը հրաշալի սեզոն է, և կարելի է հանգիստ գնալ, էքսկուրսիաներ գնալ: Ինձ համար Բալին ևս բավականին լավ հանգստյան վայր է, ամռնաը լավ է, քանի որ անձրևներ գրեթե չկան, բայց, ինչ խոսք, թանկ է:
Բրազիլիա, Մայամի, Կուբա, 2500-3000 դոլար (մեկ անձը՝ մեկ շաբաթով)
Կարելի է նաև ավելի հեռու տեղ գնալ, օրինակ՝ Բրազիլիա, Մայամի, Կուբա, այդ տեսակ երկրներ, որտեղ, իհարկե, հանգստանալը շատ թանկ է:
Զրույցի վերջում Վարդանը նշեց, որ հայտնի կուրորտ է նաև Անթալիան։ Չնայած հսյերը խուսափում են մեկնելուց, բայց Վարդանը մի փոքրիկ բացահայտում արեց. «Վրաստանից դեպի Անթալիա մեկնող ինքնաթիռի քառասուն տոկոսը միշտ հայեր են, այնպես որ, հայերը սիրում են հանգստանալ այնտեղ, որքան էլ շատերի համար դա սխալ է կամ ճիշտ: Անթալիան իր գնի համեմատ լավ որակ է տալիս հանգստացողներին»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի