168.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:

Պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ-ում մեկնարկել է հունիսի 29-ին՝ «Սերվիս Թայթն» ընկերություն այցելությամբ, որտեղ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են ընկերության հիմնադիրների, ինչպես նաև Սիլիկոնային հովտում ազդեցիկ «Թիմըբըլ» և «Այռոբոթիքս» ընկերությունների հիմնադիրների հետ: Քննարկվել են Հայաստանում ինժեներական կրթությանը, գիտահետազոտությանը, ստարտափների զարգացմանը, վերազգային կազմակերպություններին Հայաստան ներգրավելուն առնչվող հարցերը, այդ ոլորտներում կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրները և սփյուռքի մասնակցությունը ոլորտի զարգացմանը: «Սերվիս Թայթն» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերությանն աջակցել՝ հիմնելու 50 հոգանոց մասնաճյուղ Երևանում:

Այնուհետև պատվիրակության անդամները Լոս Անջելեսի հայկական հյուպատոսարանում հանդիպել են ամերիկյան շուրջ երկու տասնյակ գործարար ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Արդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում հայաստանյան ընկերությունների ու ասոցիացիաների հետ համագործակցելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկվել է ամերիկյան Բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպումը:

Պատվիրակությունը մասնակցել է նաև ամերիկահայ խոշոր գործարարների հետ մեծ ընդունելության, որի ժամանակ փոխվարչապետ Ավինյանն իր ելույթով ներկայացրել է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերը ու ՀՀ կառավարության գերակայությունները: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի և գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Մի խումբ գործարարներ պլանավորում են մոտ ապագայում այցելել Հայաստան՝ ծրագրերին ընթացք տալու նպատակով:

Հունիսի 30-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մի քանի տասնյակ հայ գործարարների հետ և հարց ու պատասխանի ձևաչափով քննարկել են իրենց հուզող հարցերը: Ներկայացվել են Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման և Ազգային ստարտափ սամիթի անցկացման հեռանկարները, և դահլիճում գտնվող գործարարների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական ներդրում ունենալ հիմնադրամում: Ներկայացվել է «Սփյուռքի պարտատոմսեր» գաղափարը՝ որպես զանգվածային ներդրումների խրախուսման մեխանիզմ՝ նպաստելու պետության կայուն տնտեսական զարգացմանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը առանձնազրույցներ է ունեցել մեկ տասնյակ գործարարների հետ, որոնց հետ քննարկվել են առողջապահության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ռազմական արդյունաբերության, ֆիլմարտադրության ոլորտներում առկա կոնկրետ ներդրումային ծրագրեր: Միաժամանակ «Բիզնես Արմենիա»-ի և «Crystal Lake Holdings LLC»-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կազմակերպությունը 10 միլիոն դոլարի ներդրում է կատարելու Սևանա լճի ափին հյուրանոցային համալիր կառուցելու համար:

Գործարար Դրո Դարբիդյանի հետ քննարկվել է սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերության՝ «St. Jude Medical Inc»-ի Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու մասին: «Eco Panel Group Inc.» ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Խաչիկ խաչիկյանի, ցանկություն է հայտնել ներդնել 10 մլն դոլար՝ EPG էկոպանելների արտադրության գործարան հիմնելու նպատակով, որի տեխնոլոգիան պատենտավորված է աշխարհի 50 երկրներում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ: Վերջիններս քննարկել են ՀՀ ու Կալիֆորնիա նահանգի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ամերիկահայ մի խումբ բժիշկներ առաջարկել են ֆինանսապես օգնել պարտադիր զինվորական ծառայություն կատարողների ընտանիքների համար բժշկական ապահովագրություն տրամադրելուն: Ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկվել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը: Մի շարք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել բանկային համակարգում, օրգանական սննդի և մեղրի արտադրության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Հուլիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին: Վերջինիս հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: Արդյունքում ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ քննարկվել է դեկտեմբերին վերջինիս՝ Հայաստան այցը կազմակերպելու գաղափարը:

Կանադա և ԱՄՆ այցի արդյունքում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված վերջնական պայմանավորվածությունների ընդհանուր արժեքը կազմում է 30.5 մլն ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել