ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի, հաղորդավարուհի Մեգգի Գրիգորյանն այս օրերին Երևանում է. այցի նպատակը ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Ազնիվ գողեր» ֆիլմի նկարահանումներն են: Դերասանուհին գլխավոր հերոսուհու կերպարում է և ֆիլմի միակ աղջիկը: BlogNews.am-ին դերասանուհին պատմել է կերպարի, ոճային կտրուկ փոփոխության և Գոռ Կիրակոսյանի ֆիլմերում նկարահանվելու ցանկության մասին:

«Կերպարս ինձ հետ կապ չունի, ավելի շատ տղամարդ կնոջ խառնվածքով է, չարաճճի, ով, միանալով տղաների խմբին, դառնում է նրանցից մեկը: Ես կյանքում ավելի հանգիստ, կանացի եմ, բայց որքան էլ տարբեր ենք, ինձ  համար հետաքրքիր էր փորձել: Կերպարիս համար փոխել եմ նաև վարսերիս գույնը, որի հետ մինչ օրս չեմ համակերպվում: Մարդիկ, ինձ տեսնելով, մտածում էին՝ տարօրինակ այլմոլորակային է հայտնվել քաղաքում, դրա հետ մեկտեղ էլ՝ վզիս դաջվածքը, որը, իհարկե, կերպարիս համար է և ժամանակավոր»,- պատմում է Մեգգին:

Այն հարցին՝ արդյոք այդքան հավանե՞լ էր կերպարը և ֆիլմը, որ որոշել էր համաձայնվել վարսերի փոփոխությանը և ամեն առավոտ հայելու մեջ տեսնել արտացոլանք, որի հետ չի համակերպվում, Մեգգին պատասխանեց․ «Ի սկզբանե այս դերը նախատեսված էր մեկ այլ դերասանուհու համար, բայց, չգիտես ինչու, փոփոխություններ եղան: Երբ ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ չէիր համաձայնվի այս կերպարին, նշում էի, որ կա մի ռիսկային դրվագ, որին ես չեմ համաձայնվի: Երբ առաջարկը ստացա, փորձում էի համոզել, որ կեղծամ կրեմ, բայց այս սանրվածքի ձևն այնպիսին է, որ կեղծամով արհեստական կլիներ, դրա համար որոշեցի մտածել: Իհարկե, ծնողներիս և ընկերներիս հետ քննարկելուց հետո եկա այն մտքին, որ մազն ատամ չէ, և այն կերկարի։ Արդյունքում ռիսկի գնացի»:

Մեգգիի վարսերի գույնի փոփոխությամբ զբաղվել է Հարութ Ջուլհակյանը, ում հաջողվել է միանգամից ստանալ վառ կարմիր գույնը. «Իմ վարսերի վրա միանգամից երեք գույն կար, և ես զարմացա, թե նա ինչպես կարողացավ այդ երեք գույնը դարձնել մեկ: Շատ հետաքրքիր կարմիր է, այն կարմիրը չէ, որ կարող ենք տարբեր մարդկանց վարսերին տեսնել: Ի դեպ, սա եղել է Գոռ Կիրակոսյանի երազանքը․ նա փոքր տարիքում նայել է «Վազիր, Լոլո, վազիր» ֆիլմը, որի հերոսուհին դարձել է նրա իդեալը: Գույնը շատ դժվար է պահել, ես գրեթե երկու օրը մեկ գեղեցկության սրահում եմ հայտնվում, որպեսզի թարմացնեմ, քանի որ մեկ անգամ լվանալուց հետո դառնում է վարդագույն: Ես կա՛մ նկարահանման տաղավարում եմ, կա՛մ էլ գեղեցկության սրահում»:

Ի դեպ, չնայած ֆիլմը կատակերգություն ժանրում է, բայց որպես գեղարվեստական լուրջ ֆիլմ՝ Մեգգիի առաջին աշխատանքն է. «Միշտ երազել եմ լինել Գոռ Կիրակոսյանի ֆիլմերից մեկում․ նրա աշխատանքները տարբերվում են մեր հայկական կինեմատոգրաֆիայում: Դեռ մինչև նրան ճանաչելը նույն «Կորած-մոլորվածը», «Քայլ ձիով» ֆիլմերն ինձ համար ֆավորիտներ են եղել: Իրականում, մեծ պատասխանատվություն է հանդես գալ այս ֆիլմում, հատկապես նման դերում, որը քեզ և քո բնավորության հետ կապ չունի»:

Ֆիլմում նկարահանվում են Ռաֆայել Երանոսյանը, Արամ mp3-ը, Աշոտ Ղազարյանը, «Դեմք շոուի» տղաները. «Արամը և Ռաֆայելն իմ լավ ընկերներ են: Ինչպես գիտեք, ես ԱՄՆ-ում հաղորդավարուհի եմ, և երբ նրանք հյուրախաղերով լինում են մեզ մոտ, թե՛ գործնական և թե՛ ընկերական միջոցառումների ժամանակ հանդիպում ենք, բայց միասին առաջին անգամ ենք աշխատում: Իսկ «Դեմք շոուի» տղաների հետ ԱՄՆ-ում միասին հանդես գալիս ենք արդեն երկու տարի: Նրանց հետ շատ հեշտ է, բայց Արամը և Ռաֆոն նրանց ոչնչով չեն զիջում: Ֆիլմում խաղում է նաև Աշոտ Ղազարյանը, ում հետ չնայած ոչ մի դրվագ չունեմ, բայց վստահ եմ, որ նրա հետ էլ է շատ հեշտ»:

Այն հարցին՝ ֆիլմի ավարտից հետո ի՞նչ գույն է պատրաստվում ներկել վարսերը. «Հետաքրքիր է, որ այս հարցը շատերին է հուզում: Ես շատ երկար ժամանակ լուսանկար չէի տեղադրում, փորձում էի հասկանալ՝ արդյոք պե՞տք է, կոմպլեքսավորվում էի շատ: Անկեղծ ասած՝ դրսում ես այնքան հաճոյախոսություններ եմ լսում, անընդհատ ասում են՝ ինչ սիրուն է Ձեր մազերի գույնը: Առաջին մի երկու օրը կտրուկ ասում էի՝  ֆիլմի համար է: Հիմա ինձ բոլորն ասում են՝ երբ ֆիլմը վերջանա, ի՞նչ ես անելու վարսերդ: Ես անգամ կեղծամ էի պատվիրել, որ, երբ նկարահանումներն ավարտվեն, կեղծամով հանդես գամ: Կարծում եմ՝ նման սանրվածի դեպքում ավելի նորաձև են բաց գույնի վարսերը, կարծում եմ՝ կրկին կվերադառնամ շիկահեր վարսերին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել