
Մարտի 5-ին, Սպարապետի ծննդյան օրը «Կինոմոսկվա»-ում կայացավ հանդիսատեսի կողմից երկար սպասված «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի պրեմիերան:
Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ֆիլմում տեսնում ենք նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը՝ միահյուսված մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։
«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրը վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- ֆիլմի պրեմիերայից առաջ Սպարապետի խոսքերը մեջբերեց գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանը:
«Շատ բարդ է, բայց հիմա ավելի հանգիստ եմ, քան մինչ պրեմիերան, անչափ լարված էի»,-խոստովանեց դերասանն ու հավելեց,- «Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո մինչ այս պահը ես լարված եմ ու չգիտեմ դեռ որքան կշարունակվի: Դժվար ու դաժան է եղել, որովհետև ներքին հարցեր կան: Իմ ու հերոսիս մեջ աշխարհայացքի նմանություններ եմ գտնում, այդ հարցերի պատասխաններն անդադար ման եմ գալիս: Մենք սխալներ ունենք, որոնք կարծում եմ՝ պետք է ուղղենք»։
Ֆիլմը սկսվում սպարապետի մանկության տարիներից պատմությամբ, թե ինչպես է նա 1 տարեկանում խեղդվելուց փրկվել։
Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը պատմում է․«ֆիլմում չկան հորինված դրվագներ: Վազգեն Սարգսյանը, եթե ուշադիր լինեք, անգամ իր կոկորդի վրա փոքրիկ նշան ուներ. եգիպտացորենի հատիկ էր կանգնել կոկորդին, երբ մեկ տարեկան էր, փոքրիկ կտրվածք են արել, ու ասել են, որ երեխան մահացած է, բայց ինքն է ապրել է»։
Հարցին՝ ինչպես կարձագանքեր Վազգենը ֆիլմը դիտելիս, Նոնոն նկատեց, որ հաստատ կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել։
Գրետա մայրիկին մարմնավորած Մարջան Ավետիսյանը լարված ու տագնապած է սպասել պրեմիերային։ Մտավախությունն արտաքին տեսքն է եղել։ «Խաղս մասամբ հավանեցի։ Յուրաքանչյուր կերպարումս սխալներ գտնում եմ։ Միշտ կարելի է խաղալ այլ կերպ։ Խաղիս վերաբերյալ ինչ պետք է խմբագրեի, արդեն խմբագրել եմ։ Հուսամ ֆիլմը հույզեր կառաջացնի։ Կփորձենք հասկանալ՝ ով էինք մենք, ինչի համար էինք, ինչի համար պետք է լինենք վաղը»,- նշեց դերասանուհին։
Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին նաև Վազգեն Սարգսյանի եղբայրները՝ Արմեն և Արամ Սարգսյանները:
«Վազգեն. վերջին Սպարապետ» ֆիլմն հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում: