Իր վերջին ֆեյսբուքյան տեսաուղերձներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր արձանագրում կատարեց, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու:
Քիչ թե շատ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ եմ, որ այդ հայտարարությունն անելիս նա իսկապես անկեղծ էր և իր իշխանության ողջ ընթացքում չի հանդուրժելու կոռուպցիոն որևէ դրսևորում, ավելին՝ գրեթե վստահ եմ, որ Նիկոլի իշխանության մեջ կոռուպցիոն բուրգ ու համակարգ՝ որպես այդպիսին, չի լինելու…
Այդուհանդերձ, առաջիկա ամիսների ընթացքում նշմարելի քաղաքական զարգացումները, մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, ներքին խմորումները, քաղաքական կոնյուկտուրան, ինչպես նաև այս կամ այն քաղաքական իրողությունները որոշումների կայացման ընթացքում կարող են որոշակի սրբագրումների օբյեկտիվ հիմքեր ստեղծել:
Մեծ հույս կա, որ այս պայմաններով հանդերձ որևէ կոմպրոմիս չի լինելու օլիգարխիայի հետ, քրեական աշխարհի հետ, տեռորիստական հովերով առաջնորդվող որևէ խմբավորման հետ, Մարտի 1-ի գործի լիարժեք ու ամբողջական բացահայտման հետ, Հոկտեմբերի 27-ի լիարժեք ու ամբողջական բացահայտման հետ, բոլոր ժամանակների ընտրակեղծարարների հետ, չբացահայտված բոլոր ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների հետ…
Այո՛, Նիկոլին իսկապես ծանր բեռ է բաժին հասել, բայց, ինչ արած, նա է ընտրել իր ուղին և պարտավոր է գնալ մինչև վերջ, որի համար ունի բոլոր հնարավորություններն ու հիմքերը…