Աշխարհում ամենամեծ կղզին Գրենլանդիան է: Այն գտնվում է Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսներում՝ Հյուսիսային Ամերիկայից հյուսիս-արևելք ընկած տարածքում: Այսօր զբաղեցնում է 2 միլիոն քկմ տարածք: Նախկինում՝ մինչև 1536 թվականը, մտել է Նորվեգիայի կազմի մեջ, իսկ ավելի ուշ անցել է Դանիային: 1979 թ. ինքնավարություն է ձեքռ բերել, և այսօր ունի կղզի-պետության կարգավիճակ: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր տեղեկություններ այս կղզու մասին, քանի որ այն կատարյալ վայր է ճանապարհորդելու, ուսումնասիրելու ու իրական գեղեցկությունը գնահատելու համար:
1. Կղզին առաջին անգամ հայտնաբերել է իսլանդացի նավորդ Գունբյորնը մոտ 875 թվականին, սակայն ափ դուրս չի եկել։ 982 թվականի ամռանը իսլանդացի վիկինգ Էյրիկ Ռաուդին առաջին անգամ հետազոտել է այդ կղզու հարավարևմտյան ափի մի հատված, որն այդ ժամանակ ծածկված է եղել կանաչ բուսականությանբ, և կղզին անվանել է «Կանաչ երկիր»։ Գրենլանդիա կղզին ուսումնասիրել է նաև նորվեգացի Ֆ. Նանսենը։ Նա կազմակերպում է փոքրիկ՝ հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր՝ արևելքից արևմուտք։ Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին։ Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ՝ դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ։
2. Գրենլանդիան ունի չափազանց հարուստ մշակույթ: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 2500-ական թվականներից, մինչդեռ ունի խիստ ցուրտ կլիմա: Ժամանակի ընթացքում այստեղ բնակություն են հաստատել բազմաթիվ ցեղեր, որոնցից են վիկինգները, ինուիթները,կանադյան արկտիկական ցեղերը և այլն: Ներկայումս Գրենլանդիայի բնակչության 90%-ը կազմում են հենց գրենլանդացիները, իսկ մյուս 10%-ի մեջ մտնում են եվրոպական տարբեր ազգերի խառնուրդներ:
3. Զարգացած է լեռնագնացությունը: Գրենլանդիայում կան այնպիսի լեռներ, որոնց բարձրությունը հասնում է հազարավոր մետրերի: Այդ լեռները նվաճելու համար կղզի են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ աշխարհի տարբեր կետերից: Ի դեպ, Գրենլանդիայում ամենաբարձր գագաթը Գունբյորնն է, որն ունի 3,700 մ բարձրություն:
4. Գրենլանդիայի մայրաքաղաքը Նուուկն է, որն այլ կերպ անվանում են նաև Գոդթաբ: Քաղաքն ի սկզբանե ձկնորսական փոքր բնակավայր էր, սակայն այսօր այն համարվում է Գրենալանդիայի մշակութային, առևտրային, տնտեսական ու քաղաքական գլխավոր կենտրոնը:
5. Կղզում ուշադրություն է գրավում արկտիկական վայրի բնությունը, որն իր նմանն այլ վայրում չունի: Գրենլանդիայում կարող եք հանդիպել արկտիկական գայլերի, արջերի, սապատավոր կետերի, ծովացլերի, թռչունների տասնյակ տեսակների:
6. Գրենլանդիան հարուստ է տաք աղբյուրներով, որոնցից ամենահայտնին գտնվում է Ուունարտոք կղզու տարածքում: Կան աղբյուրներ, որոնց ջերմաստիճանը հասնում է 60 աստիճանի:
7. Հյուսիսափայլը, որին այլ կերպ անվանում են Ավրորա Բորեալիս, Երկրի բնական երևույթներից ամենագեղեցիկն է: Ձմռանը, երբ երկիքնը լինում է պարզ և մութ, կարծես լուսային շոու է սկսվում, որը շողում է բազմաթիվ գույներով՝ կանաչ, կարմիր, կապույտ: Եթե զբոսաշրջիկները ցանկանում են ականատես լինել այս հրաշքին, ապա պետք է այցելեն Գրենլանդիա նոյեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում:
8. Ամռան ամիսներին Արկտիկական շրջանի հյուսիսային և Անտարկտիկական շրջանի հարավային մասերում կարող եք ականատես լինել կեսգիշերային արևի, որը յուրահատուկ երևույթ է բնության մեջ: Տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին արեգակն այս վայրերում դեռ տեսանելի է լինում, իսկ ամռան ամիսներին արեգակն երկնքում տեսանելի է ամբողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ: