Երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան՝ Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման`Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որը կբավարարի Բաքվին:
Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի`հարձակողական զինատեսակներ`հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:
Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան`հասկանալի է, որ դա արվում է թե տնտեսական, թե ռազմական նպատակներով: Զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու զորքերի տեղաշարժին`Թուրքիայից դեպի Նախիջևան, օպերատիվություն հաղորդելու համար:
Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում`Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա`Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:
Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ-ի ուժերի տարբեր ճակատներով`ղարաբաղյան, Տավուշ`հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ:
Նույն ռազմավարությունն է Բաքուն օգտագործելու Տավուշի ուղղությամբ`կրակի տակ պահելով ՀՀ-Վրաստան կյանքի ճանապարհն ու սահմանամերձ գյուղեր, թույլ չի տալու 3-րդ բանակային կորպուսի լրացուցիչ ուժերին տեղաշարժվել Արցախ`Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով:
Ադրբեջանը պատրաստվում է թե հարձակողական, թե պաշտպանական մարտերին`մեծ քանակությամբ գնելով հարվածային անօդաչուներ`որոշ տեսակներ արդեն իսկ արտադրվում են Ադրբեջանում, հակատանկային միջոցներ`իսրայելական, ռուսական, ուկրաինական, որպեսզի թույլ չտան հայկական ուժերին տանկային գրոհներով դուրս գալ օպերատիվ խորություն`Քուռ գետի ափ ու Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող Գյանջա-Ղազախական տնտեսական շրջան`այնտեղով են անցնում բոլոր նավթագազամուղերը, Բաքու-Թբիլիսի երկաթուղին, Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհը:
Ադրբեջանի միլիտարիզացիայի աստիճանը պետք է ահազանգ լինի`ՀՀ-ԼՂՀ-ն պետք է ավելացնել թե ռազմական բյուջեն, թե նոր զինատեսակներ գնեն, ինչպես նաև հնարավորության սահմաններում բարելավեն առաջնագծի կոնֆիգուրացիան`չեզոք գոտիների հաշվին,այլ ինժեներական հնարքների միջոցով: