Ուրեմն՝ եկեք հասկանանք, թե ինչ է եղել: Ես Հայաստանում չեմ, բայց որքան կարող եմ ըստ Ֆեյսբուքի դատել, հետևյալ պատկերն ա ստացվում․ ուրբաթ գիշեր, երբ աշխատանքային շաբաթվանից հոգնած մարդիկ գնում են փաբ՝ մի քիչ հանգստանալու ու թուլանալու, մեկ էլ հայտնվում ա ոստիկանությունը և հարամում հարյուրավոր մարդկանց հանգիստը: Ավելին՝ այդ պրոցեսը մի հատ էլ տեսագրվում ա, չնայած փաբի այցելուները, բնականաբար, իրենց համաձայնությունը չեն տվել, որ նրանք լինեն տեսագրությունների մեջ: Եվ ո՛չ դրանից առաջ, ո՛չ ընթացքում, ո՛չ էլ հետո որևէ բացատրություն չի տրվում, թե ինչ էր ուզում ոստիկանությունը, ինչ էին ստուգում, ինչ էին փնտրում, ինչ տեղեկության հիման վրա և այլն: Եթե այդպիսի բացատրություն եղել է, խնդրում եմ՝ գրեք, ես առավոտվանից հետևում եմ Ֆեյսբուքի քննարկումներին, նման բան դեռ չեմ տեսել:

Այսինքն՝ ինչ է ստացվում: Ոստիկանությունը կարող է ցանկացած պահի միայն իրեն հայտնի պատճառներով ներխուժել (հա, թեկուզ շնորհքով ներխուժել) մասնավոր սեփականություն հանդիսացող վայր, փչացնել մարդկանց երեկոն և որևէ բացատրություն չտալ, թե որն էր խնդիրը, և ինչու էր պետք հենց այսպես վարվել: Եթե խնդիրը բարձր երաժշտությունն էր, ո՞նց եղավ, որ բոլոր փաբերում միաժամանակ հարևանները գանգատվեցին, և ինչու էր պետք այդպիսի «աբլավա» կազմակերպել, երբ ընդամենը կարելի էր մեկ ոստիկան ուղարկել, ով կխնդրեր իջեցնել ձայնը, և նրան կենթարկվեին: Եթե կար տեղեկատվություն, որ թմրանյութ կամ ինչ-որ այլ բան կա, ինչո՞ւ են միանգամից բոլոր փաբերը մտնում, այլ ոչ թե կոնկրետ տեղեկության հետևից գնում և կոնկրետ «բառիգին» ձերբակալում: Մի խոսքով՝ ահագին հարցեր են առաջանում, որոնց պատասխանը չի տրվում:

Այսքան մարդու հանգիստը հարամելը կարող էր հիմնավորված լինել, միայն եթե, ասենք, տեղեկատվություն լիներ, որ փաբերից մեկում Իսլամական պետությունը պատրաստվում է ռումբ պայթեցնել, կամ ծայրահեղ դեպքում, եթե ստուգումների ընթացքում հայտնաբերվեր մի տոննա հերոին: Բայց որևէ նման բան մենք չենք լսել:

Ինձ թվում է՝ ակնհայտ է, որ նորմալ երկրում, որտեղ մարդկանց իրավունքներն ու ազատությունները հարգվում են, նման բան լինել չի կարող: 

Հա, իհարկե, ոչ մի ողբերգություն չի եղել: Բայց այս միջադեպը վկայում է այն մասին, որ ոստիկանությունը դեռ չի հասկացել մի շատ կարևոր բան, որ ոչ թե քաղաքացիներն են ոստիկանության համար, այլ ոստիկանությունն է նրա համար, որ ծառայի քաղաքացիներին, ապահովի նրանց անվտանգությունը և հանգիստը: Եվ ոստիկանությունը կարգ ու կանոնը պաշտպանելիս պետք է այնպես անի, որ որևէ հանցանք չկատարած քաղաքացին չտուժի ոստիկանության գործողություններից: Եվ այդ առումով այն քաղաքացիները, ովքեր օրենքի շրջանակներում և շատ շնորհքով գնում են փաբեր ու մինչև առավոտ խմում են, նույնպիսի հարկ վճարող քաղաքացիներ են և ոչնչով պակաս չեն այն քաղաքացիներից, ովքեր, ասենք, Օպերայի և բալետի թատրոն են հաճախում: Շատ կարևոր է, որ ոստիկանությունը սա հասկանա և այսուհետ իր գործողությունների մեջ դա հաշվի առնի: Իսկ կոնկրետ այս միջադեպի առումով, կարծում եմ, ոստիկանությունը պետք է առնվազն բացատրություններ տա և ներողություն խնդրի այն մարդկանցից, ում հանգիստը խանգարել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել