Մեկ շաբաթ է, ինչ «Արմենիա Պրեմիում»-ի եթերում մեկնարկել է «Թունավոր սեր»՝ 25 մասից բաղկացած նոր մելոդրաման: Դինամիկ ու տարբերվող սյուժեն անտարբեր չի թողել հեռուստադիտողներին․ մելոդրամայի հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Վերջերս BlogNews.am-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին և զրուցել դերասանների հետ:
Գևորգ Հայրապետյան

«Թունավոր սեր» հեռուստասերիալը հեռուստադիտողի համար նոր անուն բացահայտեց՝ Գևորգին: «Հայ ֆիլմ» կինոստուդիայի սանը մոտ 8 տարի այս ոլորտում է, սակայն միշտ զբաղված է եղել թատրոնով: Նոր մելոդրաման Գևորգի առաջին մասշտաբային նախագիծն է. «Մարմնավորում եմ գլխավոր հերոսին՝ Աղասին: Նա երիտասարդ ուսանող է, ով ընկնում է խնդիրների մեջ ու փորձում մարդկային իր գծերով դուրս գալ այդ իրավիճակից: Թե որքանով է ստացվել, թողնում եմ հեռուստադիտողների դատին»:
Գևորգը միշտ իր աշխատանքից դժգոհ է, բայց մարդկանց կարծիքն ամենակարևորն է, ու դերասանը պատրաստ է լսել նաև առողջ քննադատություն. «25 մասանոց ֆիլմում ռիթմն ու տեմպն ավելի ակնհայտ են, ու յուրաքանչյուր սերիայում ահռելի աշխատանք է կատարվել: Դերասանական լավ կազմ է ընտրված, հեշտ է նրանց հետ խաղալը:
Առաջին անգամ եմ աշխատում այս թիմի հետ: Հումորով լի նկարահանման օրեր ենք ունեցել։ Այդ մթնոլորտն անդրադառնում է դերասանի աշխատանքի վրա, քանի որ կարողանում է պարարտ հող ստեղծել, որ դերասանն իրեն ազատ զգա նկարահանման հրապարակում»:
Էմմա Սապունջյան

Մի շարք հեոռւստասերիալներից հայտնի դերասանուհի Էմմա Սապունջյանն այս անգամ ևս ներկայանում է նորովի: Էմման մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Մարիին: Կերպարի մասին խոսելիս դերասանուհին հատկապես ընդգծում է. «Ինձ դուր եկավ կերպարի տարբերությունը: Շատ խելոք, համեստ, բարի, միամիտ աղջիկ է, իսկ մյուս խաղացածս կերպարները կամքով ուժեղ էին: Մարին ընդհանրապես նման չէ իրական Էմմային, անգամ աղերսներ չունի: Նախորդ կերպարներիս հետ ավելի շատ նմանություն ունեմ, քան այս մեկի»:
Այդպիսի տարբերությունն Էմմայի կարծիքով միայն հետաքրքրացնում է աշխատանքը. «Յուրաքանչյուր կերպար ստեղծելն էլ բարդ է, պետք է ստեղծես ինչ-որ հետաքրքիր բաներ, որպեսզի հաջողված լինի այն: Հեշտ ու հաճելի է խաղալ նման պրոֆեսիոնալ դերասանների հետ: Հեռուստադիտողներն ինձ ավելի շատ հիմա ընկալում են դրական կերպարում»:
Ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին խոսելիս Էմման նշում է, որ արդեն 3-րդ նախագիծն է՝ միասին են աշխատում. «Շատ կապված ենք իրար հետ։ Կարևոր է, երբ թիմը քեզ աջակցում է, և դու քեզ լարված չես զգում»:
Մարիամ Պետրոսյան

Դերասանուհին մարմնավորում է Օլգա Արամովնային՝ գլխավոր հերոսուհու մորը: Համեստ պայմաններում ապրող դասախոսի ընտանիքը բնակվում է հանրակացարանում. «Օլգա Արամովնան կին է, ով, թվում է, փոքրամարմին է, բայց սերիալում սյուժեն ստիպում է, որ ուղղակի ուժեղ դառնա ու պայքարի աղջկա համար»,- ասում է Մարիամն ու ավելացնում, որ իր համար կարևոր է, որ թեման իր ներսից բխի. «Դա կորող է լինել նույնիսկ մեկ նախադասություն, որը եթե ինձ հուզեց սցենարի մեջ, ուրեմն՝ ես համաձայնվում եմ: Պետք է գույներ ունենա կերպարը, պետք է կայծ առաջացնի․ եթե այն չլինի, ուրեմն՝ ինձ հետաքրքիր չէ: Այս սերիալում դա ամուսնուս ու աղջկաս հետ կապված թեմաներն են, մայրական շատ ուժեղ բնազդը և այլն»:
Մարիամը ստեղծագործական թիմի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում է. «Միասին աշխատել ենք նաև «Փրկեք մեր հոգիները» սերիալի շրջանակներում: Աղջկաս դերում Էմմա Սապունջյանն է, ում հետ նախորդ սերիալում ևս աշխատել ենք: Փորձում եմ անընդհատ նրան զերծ պահել տարբեր քայլերից ու սխալներից, պաշտպանել, ինչպես ցանկացած մայր»:
Թամարա Գևորգյան

Թամարա Գևորգյանը մարմնավորում է Աննա անունով հերոսուհուն, ով ուսանողուհի է: Գլխավոր դերակատարներից է: Առաջին անգամ է նման կերպարով ներկայանում հեռուստադիտողներին. «Իմ խաղացած կերպարներից շատ է տարբերվում Աննայի կերպարը: Երբ ստացա առաջարկն ու բացեցի զգեստապահարանս, հասկացա, որ ես կերպարիս համապատասխան ոչ մի հագուստ չունեմ: Այ հենց այդ աստիճանի տարբերվում է իմ բոլոր կերպարներից, հատկապես ինձանից՝ Թամարա Գևորգյանից»:
Դերասանուհու խոսքով՝ կերպարը ստատիկ չէ ու ամբողջ սերիալի ընթացքում լուրջ փոփոխությունների է ենթարկվում. «Այդ փոփոխություններն ինչ-որ առումով և՛ պատճառաբանված են, և՛ ոչ: Շատ հետաքրքիր ու բարդ կերպար է: Ի սկզբանե մեծ պատախանատվություն էր ինձ վրա դրված: Վստահությամբ ու մեծ վախով եմ մոտեցել այս գործին, որովհետև նրա բոլոր գործողությունները պետք էր արդարացնել: Եթե նա աներ գործողություններ, ու դրանք արդարացված չլինեին, ուղղակի հեռուստադիտողը չէր հավատա: Կարծում եմ՝ ստացվել է խաղս»:







