Դերասանուհի Էմմա Սապունջյանին հեռուստադիտողն այս շրջանում տեսնում է Արմենիա պրեմիում-ի եթերում մեկնարկած «Թունավոր սեր»՝ 25 մասից բաղկացած նոր մելոդրամանյում, որտեղ գլխավոր հերոսուհին է մարմնավորում: Նկարահանումներն արդեն ավարտվել են և դերասանուհին վայելում է իր ամառային հանգիստը: BlogNews.am-ի հետ զրույցում Էմման պատմել է իր նախընտրելի հանգստի, դրանցից ստացած տպավորությունների, ինչպես նաև անսպասելի անականալ նվերի մասին:

«Շատ սիրում եմ ծովափնյա հանգիստ, իսկ հանգստի մեկնելու ժամանակահատվածը կախված է իմ զբաղվածությունից: Հիմա արդեն վայելում եմ հանգիստս, բայց այն անցկացնում եմ Հայաստանի մարզերով շրջելով: Հիմա Ստեփանավանում եմ: Առաջ ոչ մի տեղ չեմ գնացել, իսկ հիմա մեքենա ունեմ և կարող եմ ինձ թույլ տալ շրջագայել: Որոշել եմ ամեն շաբաթ մի տեղ գնալ, իսկ հաջորդ կայարանը կլինի Տաթևը»:

Դերասանուհին պատմում է, որ ընտանիքով հաճախ էին պլանավորում շրջագայել, բայց ծնողների զբաղվածության պատճառով միշտ հետաձգվում էր. «Այս անգամ ասացի՝ վերջ, գալիս եք եկեք, իսկ եթե ոչ, ես մենակ կգնամ: Պարզվեց՝ բոլորը գալիս են»:  

Շատերի նախընտրությունները հանգստի մասին տարբեր են, ոմանք սիրում են գաստրոնոմիկ տուրիզ, ոմանք կարևորում են հյուրանոցի հարմարավետությունը, իսկ Էմման. «Ինձ համար կարևոր է պատուհանից բացվող տեսարանի գեղեցկությունը և որպեսզի զբոսնելու տեղ ունենամ: Մնացածն այնքան էլ կարևոր չէ, չնայած դեռևս դժգոհ չեմ մնացել ոչ մի հանգստից»:

էմման նշում է, որ երկար ճանապարհներ գնալ սիրում է, բայց միայն ուղևորի կարգավիճակում․«Պարզապես պաշտում եմ ինքնաթիռ նստելը, իսկ գնացքով միայն փոքրի տարիքում եմ ճանապարհորդել, այդքան էլ չեմ սիրում փոխադրամիջոցի այդ տեսակը: Իրականում ես բնույթով ավելի տան մարդ եմ, սիրում եմ ժամանակս տանն անցկացնել: Օրինակ, եթե պետք է դուրս գալ քաղաքում զբոսնելու, ընկերներիս համարա հազար պատճառ եմ հորինում տանը մնալու համար, բայց երբ դուրս եմ գալիս, այլևս չեմ ուզում վերադառնամ տուն»:

Ակտիվ հանգստի սիրահար է, հիշում է, թե ինչպես անցած տարի ընկերներով լավ և հետաքրքիր ժամանակ են անցկացրել Վրաստանում. «Մի անգամ մենակ եղել եմ Իտալիայում, բայց Վրաստանի ուղևորությունը երբեք չեմ փոխի Իտալիայի հետ: Վրաստանում անցկացրած յուրաքանչյուր րոպեն մենք միշտ ժպիտով ենք հիշում: Ճանապարհորդությունները լավ առիթ են հետաքրքիր հիշողություններ հավաքելու համար, մանավանդ երբ ընկերներիդ հետ ես մեկնում»:

Ճանապարհորդելիս երբեք չի մոռանում հեռախոսը, սիրում եմ ամեն անգամ նոր լուսանկարներով թարմացնել ինստագրամը. «Հիմա շատ եմ նեղվում, որ ոչ մի լուսանկար չեմ կարողանում հրապարակել՝ ինտերներտ կապի թույլ լինելու պատճառով: Ասեմ, որ երեկ հետաքրքիր անակնալ եմ ստացել, երբ նշել էի գտվելուս վայրը, երեկ ինձ ուղարկեցին կինդերներով տորթ, փուչիկներ, և արջուկ: Այդ անակնկալը ինձ շատ ուրախացրեց, բայց ուղարկողը ցանկացավ մնալ անանուն»,-եզրափակեց դերասանուհին

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է դերասանուհին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել