Վերջին շրջանում Ադրբեջանը, ռազմատենչ հռետորաբանությունը ուժեղացնելուն զուգահեռ, փորձում է հատուկ քարոզչական ֆոն ապահովել նոր զինտեխնիկայի և սպառազինությունների ցուցադրման միջոցով, որի առիթն այս անգամ Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթն է: Հատկապես ուշագրավ է, որ Իսրայելից և Բելառուսից ձեռք բերված սպառազինությունների հետ մեկտեղ Ադրբեջանը գնել է նաև ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք բազմանպատակային են և օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար: Այս ուղղաթիռները նկատվել են Բաքվի երկնքում՝ զորահանդեսի փորձի ժամանակ թռիչքներ կատարելիս, իսկ հունիսի 26-ին մասնակցելու են Բաքվում կայանալիք զորահանդեսին:
ԱՄՆ-ն հրաժարվում է զենք վաճառել մեր տարածաշրջանի հակամարտության կողմերին՝ իրավիճակը չսրելու և տարածաշրջանը չապակայունացնելու նպատակով: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանի խնդրանքը՝ ռազմական տրանսպորտային Cougar զրահամեքենաներ և HMMWV ամենագնացներ մատակարարելու վերաբերյալ: Եթե ԱՄՆ-ը հրաժարվում է Բաքվին զենք տրամադրելուց, ապա հարց է առաջ գալիս, թե որ երկրից է Ադրբեջանն ուղղաթիռները գնել, քանի որ ամերիկյան կողմն առանձին երկրների հետ կնքած զենքի վաճառքի երկկողմ պայմանագրերում գլխավորապես բացառում է այդ զինատեսակի վերավաճառքը երրորդ կողմին:
Բաքուն որևէ կերպ տեղեկատվություն չի տրամադրում, թե որ երկրից է ձեռք բերել ուղղաթիռները, ինչը կասկածներ է առաջ բերում: Շատ հավանական է, որ Ադրբեջանին ամերիկյան արտադրության զինատեսակի վաճառքի պոտենցիալ հեղինակներ լինեն Պակիստանը, Սաուդյան Արաբիան կամ Թուրքիան, որոնք մեծ գումարներ են աշխատել վերավաճառքի արդյունքում:
Չի բացառվում, որ այս հանգամանքն ԱՄՆ-ի կողմից դառնա որպես առանձին հետաքննության առարկա, և պարզվի, որ ամերիկյան արտադրության ինքնաթիռները Բաքվի զինանոցում են հայտնվել պայմանագրի խախտման արդյունքում, և դրան հետևեն ԱՄՆ-ի կողմից պատժիչ քայլերը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ուսումնասիրել ամերիկյան զենքի արտահանման օրենքների հնարավոր խախտումները՝ հունիսի 26-ին Ադրբեջանում երկրի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների սպասվող ցուցադրության առնչությամբ: