Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:


Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։

«Ըստ էության, ԱԱԾ-ն հատուկ գործողություններ իրականացնում է «Երևան» հիմնադրամում, ոչ թե Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակազմում որևէ գործողություն չի կատարվում։ «Երևան» հիմնադրամն էլ չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մաս»,-ասել էր նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել