Մարիա Սկլոդովսկա-Կյուրին, ով աշխարհին առավել հայտնի է որպես Մարի Կյուրի, առաջին գիտնականն էր, որ երկու անգամ արժանացավ Նոբելյան մրցանակի՝ 1903-ին՝ ֆիզիկայի բնագավառում, 1911-ին՝ քիմիայի: Նրա գործունեության հիմնական ուղղությունը ռադիոակտիվության ուսումնասիրումն էր: Հենց նա էր, որ իր ամուսին Պիեռ Կյուրիի հետ բացահայտեց ռադիում և պոլոնիում քիմիական տարրերը: Սակայն հենց այս ուսումնասիրություններն էին, որ կնոջը մահվան պատճառ դարձան: Այն ժամանակ ոչինչ հայտնի չէր կենդանի օրգանիզմների վրա ռադիացիայի ազդեցության մասին. ինքնին ռադիոակտիվության գոյությունը նոր էր հայտնաբերվել, անցկացվում էին առաջին հետազոտություններն ու փորձերը: Մարիի համար լիովին նորմալ էր լաբորատորիայից ռադիոակտիվ նյութի մի մաս իր հետ տուն տանելը, որպեսզի շարունակի աշխատել դրա հետ: Բնական է, որ փորձերի ընթացքում ոչ մի հատուկ պաշտպանության մասին խոսք անգամ չէր գնում:

Արդյունքում Մարի Կյուրին մահացավ 1934-ին ապլաստիկ անեմիայից, որն ի հայտ էր եկել շարունակական ռադիոակտիվ ճառագայթման արդյունքում: Մոր փորձերի ընթացքում մեծ չափաբաժնով ճառագայթումներ էր ստանում նաև Մարիի դուստրը՝ Իռեն Ժոլիո-Կյուրին, ով մահացավ լեյկոզից: Հետաքրքիրն այն է, որ ռադիացիան վտանգավոր չէին համարում, և շատ առօրյա կիրառման պարագաներ իրենց կազմության մեջ ռադիոակտիվ տարրեր էին պարունակում, որոնք լուսավորվում էին խավարի մեջ: Միայն 1938 թ. արգելվեց ռադիացիայի կիրառումը:

1995 թ. Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի մարմինը տեղափոխվեց պանթեոն, որտեղ հանգչում են Ֆրանսիայի ակնառու գիտական ու մշակութային գործիչները: Այստեղ իրենց հանգիստն են գտել Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն, Վիկտոր Հյուգոն, Էմիլ Զոլյան և շատ այլ հայտնի անհատներ: Եվ միայն երկու կանանց է «բախտ վիճակվել» հանգչել այդ պանթեոնում: Այդ կանանցից մեկը հանրահայտ ֆիզիկոս Մարսելեն Բերտլոյի կինն էր՝ Սոֆի Բերտլոն, ով ամուսնուն վերակենդանացրել էր մի քանի ժամով: Երկրորդը Մարիան է, ում մարմինը գտնվում է կապարե դագաղում, քանի որ նրա մարմնի մնացորդները մինչ օրս ռադիացիա են ճառագում: Նմանատիպ սարկոֆագում նրա կողքին հանգչում է նաև ամուսինը:

Մարիի բոլոր իրերը, գրքերը, գործնական նոթատետրերը դեռ երկար տարիներ վտանգ են ներկայացնելու մարդկանց համար, քանի որ ռադիում-226-ի կիսատրոհումը, որի հետ նրանք աշխատում էին, տևում է 1500 տարի: Այսօր Մարի Կյուրիի անձնական իրերը պահպանվում են Ֆրանսիայի ազգային գրադարանում: Դրանք պահվում են կապարե հատուկ տարրաների մեջ, սակայն յուրաքանչյուր ցանկացող կարող է թերթել մեծանուն ֆիզիկոսի նոթատետրերը, իհարկե, միայն գիտակցելուց հետո, որ ողջ պատասխանատվությունն ինքն է կրելու և համաձայնելուց հետո պաշտպանիչ համազգեստ կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել