Չորրորդ նախագահական ժամկետում Վլադիմիր Պուտինի ձևավորած նախարարների կաբինետը համարյա ոչնչով չի տարբերվում նրա նախորդ կառավարությունից: Դա ցրում է հույսերը, որ Կրեմլը կիրականացնի բարեփոխումների հավակնոտ ծրագիրը և կձգտի նվազեցնել տարաձայնություններն Արևմուտքի հետ հարաբերություններում:
Պուտինի նախարարների կաբինետում դիտորդները ցանկանում էին տեսնել ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին, բայց չտեսան: Կուդրինը տնտեսական ու իրավական բարեփոխումների գլխավոր ջատագովն է ՌԴ-ում, բայց նա կգլխավորի Հաշվիչ պալատը: Այդ կառույցը համարյա ազդեցություն չունի քաղաքականության ձևավորման վրա: Դա ցրում է հույսերը, որ Կրեմլը կընդունի Կուդրինի արմատական գաղափարները և կլիցքաթափի աշխարհաքաղաքական տարաձայնությունները, որ Կուդրինը համարում է տնտեսական աճի մեծ խոչընդոտ:
Պուտինը նորից վարչապետ նշանակեց Մեդվեդևին, իսկ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին դարձրեց առաջին փոխվարչապետ: Կառավարությունից հեռացածներից Իգոր Շուվալովը հիմա հավանաբար լավ վճարվող բարձր պաշտոն կզբաղեցնի պետական խոշոր ընկերությունում: Որ Շոյգուն ու Լավրովը մնացել են իրենց պաշտոններում, վկայում է, որ Պուտինը հազիվ թե մտադիր է լիցքաթափել Արևմուտքի հետ լարված հարաբերությունները: Պուտինը վարում է զուտ պաշտպանական գիծ․ ոչինչ չի թողնում պատահականությանը, չի ակնարկում արմատական բարեփոխումների չափազանց անհրաժեշտ ծրագիրը:
Պատկերացնու՞մ եք` ինչ հակասությունների մեջ ենք մտնում Ռուսաստանի հետ զուտ կառավարությունների կազմով: Ռուսաստանում ոչինչ չի փոխվում, Հայաստանում ամեն ինչ է փոխվում: ՌԴ տնտեսության վերափոխման Իգոր Կուդրինի ծրագիրը, փաստորեն, ծալվում ու դարակում է դրվում: Բայց այդ դեպքում ինչու՞ է նա համաձայնել դառնալ Հաշվիչ պալատի նախագահը: Կառավարության կազմավորումից առաջ Կրեմլի աղբյուրները հաղորդում էին, որ նա կա՛մ նախարար կդառնա, կա՛մ նախագահի աշխատակազմում կստեղծվի նոր կառույց, որը կզբաղվի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակմամբ: Փաստացի, Մեդվեդևը, որ ֆինանսների նախարար Կուդրինի պաշտոնանկության պատճառն էր, հիմա ևս չցանկացավ նրան նախարար տեսնել: Բայց դա քիչ հավանական է: Առավել հավանականը, որ հիմա ընդունվել է կարճաժամկետ որոշում, որից հետո Իգոր Կուդրինը կզբաղվի բարեփոխումների գործով. Ռուսաստանն այլ ելք չունի:
The Washington Post-ը գրում է, որ ՌԴ Պետդումայում կքննարկվի Սահմանադրության փոփոխությունը, որը Պուտինին թույլ կտա իր թեկնածությունը դնել 2024-ի ընտրություններում. նա կարող է երկիրը կառավարել մինչև 77-ամյակը: Փոփոխության համաձայն` նախագահը կարող է իր պաշտոնում մնալ երեք ժամկետ անընդմեջ: Տեսականորեն Դուման կարող է առաջարկն ընդունել, սակայն Ռուսաստանում այդ գաղափարը համարյա ԶԼՄ-ների ուշադրությանը չարժանացավ, և շատ վերլուծաբաններ կասկածում են, որ Պուտինի նախագահական նոր ժամկետի սկզբում Կրեմլը թույլ կտա այդքան կարևոր որոշում ընդունել ժամկետների թվի մասին: Առաջարկը, որ տեղակայվել է Պետդումայի կայքում, ներկայացրել է Չեչնիայի խորհրդարանը` ռեգիոն, որ գլխավորում է Ռամզան Կադիրովը` Պուտինի ջերմ կողմնակիցը, որ նրան անվանում է «սուպերհերոս» և հայտարարում, որ պիտի ցմահ կառավարի: Ենթադրությունը, որ 2024-ին Պուտինը կխուսափի Կրեմլին հրաժեշտ տալուց, վաղուց կա, բայց եթե նա առաջադրվի, կհաղթի նորից: