Պուտին-Փաշինյան վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանն ընդառաջ ևս մեկ դիտարկում: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի այդ մակարդակի առաջին իսկ հանդիպման ժամանակ ՀՀ նորընտիր վարչապետը հանդես գա ՌԴ նախագահին հասցեագրված՝ փոխվստահության ու անձնական հարաբերությունների մասով դրական լիցք պարունակող բարեկամական նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությունը առերևույթ կարող է քաղաքական ենթատեքստ չպարունակել, սակայն օգտակար լինել հատկապես առաջին ծանոթության համար առավել ջերմ մթնոլորտ ապահովելու տեսանկյունից: Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը կարող է նախագահ Պուտինին (իսկ եթե նպատակահարմար գտնվի, ապա նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավար իր գործընկերներին) այս աշնանը հրավիրել Երևան՝ Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակը միասին նշելու: Եթե այդ հրավերն ընդունվի, ապա արդեն Երևանում հնարավոր կլինի ավելի մտերմիկ զրույց ունենալ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Չընդունվելու դեպքում էլ՝ հայկական իշխանությունների կողմից արված այսօրինակ քայլը, միևնույն է, հաշվի կառնվի: Ի դեպ, հրավերն ընդունվելու պարագայում, հնարավոր կլինի Երևանում միասին նշել հայ-ռուսական հարաբերությունների պատմության համար կարևոր ևս մեկ իրադարձություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: