Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ղեկավարությանը զգուշացրել է իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:
«Թասնիմ» գործակալության հաղորդման համաձայն՝ հակադարձելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինտեխնիկայի վաճառքի արգելմանը՝ Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան ԱՄՆ-ի ազդեցության տակ հայտնվող երկիր չէ: Այսօր ոչ մի երկիր գերտերություն չէ, և Թուրքիան պարտավոր չէ իրականացնել մեկ այլ երկրի ընդունած որոշումները»,- ասել է նա:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ շարունակում է ճնշում գործադրել, որպեսզի վերջինս Ռուսաստանից չգնի C-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրներ:
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ եթե ԱՄՆ-ը որոշի ժամանակավորապես դադարեցնել սպառազինությունների, այդ թվում՝ F-35 հինգերորդ սերնդի բազմանպատակ կործանիչների վաճառքը Թուրքիային, ապա Թուրքիան կպատասխանի ԱՄՆ-ին: Ասել է, թե՝ սպառնալիքը կապված է նույնիսկ սպառազինությունների վաճառքի ժամանակավոր դադարեցման դեպքում…
Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի այդ քայլը կլինի սխալ, ՆԱՏՕ-ի անդամների միջև հաստատված փոխգործակցությանը հակասող և անտրամաբանական որոշում: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն Պենտագոնից պահանջել էր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին զեկուցել Կոնգրեսին, որպեսզի դրանից հետո որոշում կայացվի Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ:
Նշելով, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի չեղարկելու Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի պայմանագիրը, Չավուշօղլուն հավաստիացրել է, որ «Եթե Վաշինգտոնի պետայրերը նման սխալ թույլ տան, հանդիպելու են Անկարայի խիստ պատասխանին»:
Բնականաբար, հարց է առաջանում` ո՞րն է Թուրքիայի արտգործնախարարն այդ աստիճան գրգռվածության պատճառը: Կարելի է եզրակացնել, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ակնարկում է, որ F-35 կործանիչների վաճառքի արգելքի դեպքում ինքը Ռուսաստանից ոչ միայն C-400 զենիթահրթիռային համալիրներ կգնի, այլև նորագույն կործանիչներ, թեկուզ դրանք լինեն ոչ թե հինգերորդ սերնդի հց-57-եր (Ռուսաստանը նոր է սկսել դրանց սերիական արտադրությունը), այլ դրանց մոտ 4+++ սերնդի հց-35-եր:
Այնպես որ, ունենում ենք մի իրավիճակ, երբ ՀՀ երկու հարևաներն էլ փաստացի ռազմական բախման սպառնալիքի կիզակետում են հայտնվել և վառոդի օդն ուղղակի արդեն կարելի է շնչել: