Lragir.am-ը գրում է.
«Գրանդ Հոլդինգի» ղեկավարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հայտարարություն են տարածել, որում նշվում է.
«Սիրելի հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել, մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով: Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թող այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փառք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին»: