Արցախի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ հերքել է Չեչնիայի Հանրապետության ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի պնդումն այն մասին, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական զորքերի կազմում նույնպես կռվել են վարձկան չեչեններ:

Ի պատասխան, News.am գործակալության հարցման, Արցախի ԱԳ նախարարությունը մասնավորապես ընդգծել է. «Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանությունները, Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել են վարձկաններին` հայկական ուժերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ պայքարել են մինչեւ երեք հազարի հասնող աֆղանական մոջահեդներ եւ չեչենական ջոկատներ` Շամիլ Բասաեւի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էին շուրջ 300 չեչեն վարձկաններ:

1993 թվականի հուլիսին «Չեչեն պրես» գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց մոտ գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով` չեչենական ջոկատները շուտով լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:

2000 թվականին հենց Բասաեւն ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոստովանել է Ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. «Մենք Ղարաբաղում պայքարել ենք հանուն ջիհադի գաղափարի»: Սակայն, պատմել է Բասաեւը, «տեղ հասնելով եւ իրավիճակին ծանոթանալով` մենք հասկացանք, որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել