Ըստ ամենայնի՝ ՀՀԿ-ն «հակահեղափոխության» գործը թողել է Կարեն Կարապետյանի վրա: Եթե նրան հաջողվի մինչև վարչապետի նոր ընտրությունները ինչ-որ բան անել՝ շարժումը վարկաբեկել, փոխել իենց համար ցանկալի հուն կամ հոգնեցնելով ջլատել պոտենցիալը, ապա լավ, եթե ոչ, շատ հավանական է, որ քաղաքական անկայունությունից խուսափելու համար արձանագրեն շարժման ստեղծած նոր իրողությունը՝ իշխանության փոփոխությամբ: Պատահական չէր, որ Կարապետյանը փորձեց կամ փորձում է արտաքին աջակցություն ստանալ և ընդդիմանալ Հայաստանում փաստացի ձևավորված հրապարակի իշխանությանը:

Բայց մի բան հստակ է. Հայաստանում իշխող էլիտան պետք է փոխվի: Այն էլիտան, որ արդեն տասը տարուց ավելի գույություն ունի (ուներ), այլևս սպառել է իրեն թե բարոյապես, թե ֆունկցիոնալ առումով: Այդ էլիտան, որ բնույթով գիլդային է (փակ), հարմար դուռ է եղել քաղաքական բախտախնդիրների, ոչ պրոֆեսիոնալների և օլիգարխների՝ քաղաքականություն մուտք գործելու համար: Չենթարկվելով հայտնի էլիտարիստների ձևակերպած «էլիտաների շրջապտույտի» (էլիտաների փոփոխություն) անհրաժեշտ սկզբունքին, դուրս է եկել վերահսկելիությունից և չարաշահել իրեն բաժին հասած իշխանությունը: Դա էլ, այդ հայտնի էլիտարիստներից մեկի՝ Ռոբերտ Միխելսի ձևակերպմամբ՝ հանգեցրել է, «փակ բյուրեղացման», իսկ նման էլիտան ի վիճակի չէ արդյունավետ ոչ ղեկավարել, ոչ էլ կառավարել:

Դրա հետևանքով՝ քաղաքական համակարգն էլ փակվել է և իր ինքնակարգավորման հարցը մշտապես լուծել է այդ փակության հաշվին՝ կուտակելով հսկայական խնդիրներ: Արդյունքում, համակարգը զրկվել է նոր իրողություններին ադապտացվելու կարողությունից և զարգանալու հնարավորությունից: Առաջացել է լեգիտիմության խորը ճգնաժամ, որի լուծման և համակարգի կենսագործունեությունը պահպանելու համար իրականացվել են որոշակի բարեփոխումներ: Բայց բյուրեղացած և իրականության զգացողությունը կորցրած էլիտան այդ բարեփոխումներն իրականացրել է իր տրամաբանության մեջ, որոնք, թեև ձևով դեմոկրատական էին, սակայն հեռու են եղել հանրային իրական պահանջմունքներն արտահայտելուց՝ հիմք դնելով ժողովրդավարական ինստիտուտներով ավտորիտար մի ռեժիմի, որը քաղաքագետներն անվանում են դեմոկրատուրա կամ դիկտոկրատիա: Նման ռեժիմները, իրենց անհստակության պատճառվ ավելի են խորացնում առկա խնդիրները: Եվ ինչպես գրեթե միշտ է լինում, այս դեպքում ևս՝ տվյալ գործընթացը կուտակել է հսկայական դժգոհություններ, քաղաքականապես ակտիվացրել հանրությանը և մղել բողոքի զանգվածային այնպիսի ակցիաների, որոնք ցնցեցին գոյություն ունեցող համակարգը:

Հետևաբար, վերը նշված երևույթներից խուսափելու լավագույն ճանապարհը իշխող էլիտայի փոփոխությունն է, որը, սակայն, պետք է հանգուցալուծվի մերիտոկրատական (արժանավորների) տիպի էլիտայի ստեղծումով: Այլ ճանապարհ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել