Նախօրեին Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Նախագահ վերընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է և որոշակի ցուցադրական սիմվոլիկ բնույթ ունի` ի նշան Բաքվի ու Անկարայի փոխհարաբերությունների հատուկ մակարդակի: Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ևս ամեն ինչ սիմվոլների վրա է կառուցված. նա, ինչպես Ալիևը, գնում է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների` ապրիլի 20-ին հայտարարելով իր նախընտրական արշավի սկիզբը: Ալիևն իր հաղթանակը և Անկարայի ընտրության հաստատումն իբրև գլխավոր ռազմավարական գործընկերոջ մատուցում է Էրդողանին իբրև աջակցություն բարդագույն քաղաքական պայքարում, որ ծավալվում է Թուրքիայում:
Այդ քաղաքականության պատճառները, իհարկե, խոր թաքցված են և պայմանավորված են արտաքին ու ներքին տարածաշրջանային խնդիրներով, որոնց մեջ ընկղմված է Անկարան: Բաքվի համար կարևոր է Թուրքիային պահել դաշնակցային հարաբերություններում Հայաստանի հետ փաստական պատերազմի պայմաններում Լեռնային Ղարաբաղի պատճառով: Անկարան ունի ասիմետրիկ շահեր` կապված տարածաշրջանում քրդական պետության ի հայտ գալը թույլ չտալու հետ: Ադրբեջանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը, Թուրքիան հնարավոր փլուզման եզրին է:
Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է ընտրություն անել իր ու քրդերի միջև, որ աշխարհաքաղաքական տեսակետից ԱՄՆ-ին ավելի են հետաքրքրում թուրքերից: Քրդերի միջոցով Վաշինգտոնը կարող է ազդել Մերձավոր Արևելքում նրանց համատեղ բնակությամբ երկրների վրա (բացի Թուրքիայից)` Իրանի, Սիրիայի ու Իրաքի: Ընդ որում` թուրքական երկու պետությունները պատերազմի վիճակում են տարբեր հակառակորդների հետ: Անկարան ու Բաքուն ունեն ռազմավարական համագործակցության ու փոխօգնության համաձայնագիր, որի մեջ առանձնապես կոնկրետություն չկա: Հազիվ թե ադրբեջանական բանակը թուրքերի հետ մասնակցի նրանց ռազմական գործողություններին տարածաշրջանում: Նույն կերպ հազիվ թե թուրքական բանակն ակտիվ մասնակցություն ունենա Բաքվի կողմից, եթե Բաքուն պատերազմ սկսի Երևանի հետ, հատկապես բազմաշերտ սիրիական կոնֆլիկտի պարագայում: Ալիևը հիմա գտնվում է բավականաչափ դժվար վիճակում` կամ-կամ-ի բացակայության պայմաններում:
Թուրքիան, որի վրա է կենտրոնացել քրդական խնդիրը Իրաքից ու Սիրիայից հետո, հիմա լրջորեն անհանգստացած է, որ հետագայում քրդական խնդիրը Մերձավոր Արևելքում կարող է ինչ-որ ձևով կապվել հայկական հարցին, որը նորից կարող է խաղարկվել գերտերությունների կողմից ոչ միայն Անկարայի, այլև Բաքվի առնչությամբ: Եթե Թուրքիայում հայտնվի «հայկական օջախ», որի մասին արդեն բաց խոսում են թուրք փորձագետները, կարող է լինել հայկական հարցի որոշակի զարգացման արևմտյան վեկտոր ռուսական ուղղության հետ, որին ապավինում է Երևանը: Բայց դեռ ոչ ոք չգիտի` ե՞րբ և ի՞նչ ձևաչափով դա տեղի կունենա և ընդհանրապես կլինի՞ հայկական հարցի վերակենդանացում Մերձավոր Արևելքի իրադարձությունների ենթատեքստում, քանի որ, ի տարբերություն քրդերի, հայերը տարածաշրջանում չունեն անհրաժեշտ աշխարհաքաղաքական հզորություն: Այդ պատճառով, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Ալիևի Թուրքիա այցի ու Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ լրջորեն քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, վերլուծվել է «Անկարայի ու Բաքվի ինտեգրացիոն գործընթացների թուլացման» տեսակետից և մշակվել են համատեղ գործողությունների սցենարներ, եթե Երևանում իշխանության գան «նոր ուժեր»:
Առայժմ Ալիևն իր Թուրքիա այցի արդյունքներով հրապարակային խոսել է միայն Անկարայի հետ պաշտպանական մատակարարումների բանալ փոխգործակցության մասին, այսինքն` մատնանշել է նույն ուժային գործոնը, նաև TANAP գազատարը, ներդրումների ներգրավումը տնտեսության մեջ և այլն: Ադրբեջանի «եղբայրացումը» Թուրքիայի հետ շարունակվում է: Ճիշտ նույն կերպ ուժեղանում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ճնշումն Անկարայի ու Բաքվի վրա ժողովրդավարության ու մարդու իրավունքների կարգախոսներով, այնպես որ, երկու նախագահների բանակցություններից հետո դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը տարածաշրջանում, թեպետ զգացվում է, որ բեկումնային պահը մոտենում է:
Ամփոփելով նշենք, որ Էրդողանը հաջողությամբ ձախողեց ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը: Թուրքական լրատվամիջոցները պնդում էին, որ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու նախագահական ընտրություններում: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է, որ կուսակցությունը Գյուլին չի դիտարկում նախագահական ընտրություններում իր թեկնածու: Եթե Գյուլը, այնուամենայնիվ, առաջադրվի, Էրդողանի ընտրությունը նախագահ հարցականի տակ է, եթե չառաջադրվի, կանխավ կարող եք շնորհավորել. նրան սպասում է նույն «ընտրությունը», որով Ալիևը նորից դարձավ Ադրբեջանի նախագահ: