Ադրբեջանն ու Պակիստանը 2019-ին կարող են համաձայնագիր ստորագրել 10JF-17 կործանիչ-ռմբակոծիչ ձեռք բերելու մասին: Այդ մասին հայտնել է Pakistan Aeronautical Complex (PAC)-ի ներկայացուցիչը:
«Ադրբեջանին հետաքրքրող մոդիֆիկացիան՝ JF-17 Block 3-ն, արդեն պատրաստ է: Կործանիչների համար ընտրվել է AESA համակարգի ռադար և առաջիկայում կսկսվեն փորձարկումները: Գնման պայմանագիրը կարող է ստորագրվել 2019-ին »,- ասել է արտադրող ընկերության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ սերիական արտադրությունը կսկսվի 2019-ի վերջում կամ 2020-ի սկզբին:
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կարող են ազդել Ադրբեջանին կործանիչների վաճառքի վրա, լուծված են: «Մինչև 2018-ի ավարտը նախատեսվում է ներկայացնել ինքնաթիռն Ադրբեջանին և էլի որոշ պատվիրատուների: Ադրբեջանական կողմն իր հերթին պետք է լուծի գործարքի ֆինանսավորման հարցերը»,- ասել է նա:
Իսլամաբադի ու Բաքվի կապերն ունեն նաև տնտեսա–քաղաքական հենք։
Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրա-տնտեսական կապեր մոտակա հինգ տարվա ընթացքում կես միլիարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։
Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել ինչպես այդ երկրի տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու համար նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին: Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ`սուննի մեկ այլ պետության` միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։ Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառման շուկա. անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։
Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով. շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով` Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։
Այսպիսով` Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով: